Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդունել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի պատերազմում «նշանակալից կորուստներ է կրել»:
«Դա մեծ ողբերգություն է մեզ համար», - ասել է Պեսկովը՝ կորուստների վերաբերյալ որևէ թիվ չհայտնելով:
Նա նշել է, թե Ուկրաինան փոխվել է 2014 թվականի ապօրինի հեղաշրջումից հետո՝ դառնալով հակառուսական երկիր: «Ինչ, այնտեղ կատարվում էր, ուղղված էր Ռուսաստանի դեմ», - ասել է Կրեմլի խոսնակը:
Հարցին՝ արդյոք նվաստացուցիչ չէ՞ Ռուսաստանի համար այս պատերազմում կորուստների բարձր թիվը, Պեսկովը պատասխանել է, որ լրագրողն ունի «սխալ պատկերացում տեղի ունեցող զարգացումների մասին»:
Մարտի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողություններում զոհվել է 1351 ռուսաստանցի զինծառայող: Ըստ Մոսկվայի՝ ուկրաինացիները մոտ 14 հազար մարդ են կորցրել:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստների մասին տվյալներ չի հայտնել, բայց պնդել է, որ ռուսները 18 հազար 600 մարդ են կորցրել:
Արևմտյան աղբյուրները նշում են, որ ընթացող պատերազմի պայմաններում երկու կողմերի հայտնած թվերը չի կարելի ստուգել և, հետևաբար, դրանք հնարավոր չէ արժանահավատ համարել: