Ռուսաստանը շարունակում է հրթիռակոծությունները` թիրախավորելով նաև Ուկրաինայի վառելիքի բազաները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, որ անցած գիշերը ռուսական ուժերը օդային և ծովային տեղակայման սպառազինություններից հրթիռակոծել են Ուկրաինայի բանակի վառելիքի չորս բազաները՝ Նիկոլաևում, Զապորոժիեում, Խարկովում և Չուգուևում։

Ամենօրյա հաղորդագրությունում նա հայտնել են, որ անցած մեկ օրվա ընթացքում թիրախավորվել է ուկրաինական 29 ռազմական օբյեկտ։ Իսկ պատերազմի սկզբից ի վեր, նրա թվարկած տվյալների համաձայն, ոչնչացվել են ուկրաինական բանակի հարյուրավոր օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, մոտավորապես երկու հազար տանկ ու զրահամեքենա։

Ուկրաինայի Զինված ուժերի այսօր ներկայացրած տվյալների համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում առնվազն 18 հազար 900 ռուսաստանցի զինվոր է զոհվել։ Ոչնչացվել է շուրջ երեք հազար զինտեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, օդանավեր, ուղղաթիռներ։

Հակառակորդի կորուստների մասին թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմի հայտնած տվյալները պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։