Ուկրաինացի հազարավոր փախստականներ հասել են նաև Մեքսիկա։ Կալիֆորնիային սահմանակից Տիխուանա քաղաքում նրանք սպասում են սահմանը հատելու և Միացյալ Նահանգներ մտնելու ժամին։
Մարդասիրական կազմակերպությունները օգնում են նրանց, մասնավորապես տրամադրելով նաև ժամանակավոր կացարաններ։ Բասկետբոլի խաղահրապարակներից մեկը նույնպես ծառայում է այդ նպատակին։ Համակարգող Ալեքս Ֆեդերչուկը ասել է, որ արդեն 2 հազար ուկրաինացիներ անցել են այստեղով։ Նրա հայտնած տվյալներով՝ յուրաքանչյուր օր մոտավորապես 300 փախստական է գալիս, օդանավակայանում դիմավորում են, բերում այստեղ, որտեղ 2-3 օր սպասում են մինչև անցնեն սահմանը։
Փախստականներ կան Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններից, այդ թվում՝ Բուչա ավանից, որի ողբերգությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում 10 միլիոն մարդ տեղահանվել է մշտական բնակության վայրից, որոնցից 4 միլիոնը դուրս է եկել երկրից, մեծ մասը ապաստանել է հարևան Լեհաստանում։