Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Ռուսաստանի հետ բանակցելու առանձնապես մեծ ցանկություն չունի, սակայն արդյունքի հասնելու համար պարտավոր է բանակցել:
Այդ մասին Զելենսկին ասել է Habertürk թուրքական պարբերականին տված հարցազրույցում, որի տեսագրությունն այսօր տեղադրվել է Ուկրաինայի նախագահի Տելեգրամ ալիքում:
«Բոլոր դեպքերում մենք պետք է բանակցային գործընթակում օգտագործենք նույնիսկ ամենափոքր հնարավորությունները»,- ասել է նախագահը:
Նրա փոխանցմամբ, միջնորդական առաքելությունն իրականացնում են մի քանի պետություններ, այդ թվում` Թուրքիան:
«Ուզում ենք բանակցել, թե չենք ուզում՝ եթե ցանկանում ենք խնայել մարդկանց կյանքը, պետք է ամեն օր քայլեր անենք, դրա համար էլ այսօր խոսում ենք այնպիսի գործողության մասին, որով Թուրքիան միջնորդի դեր է կատարելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, տեսնենք, թե ինչպիսին կլինի արդյունքը»,- ասել է Զելենսկին:
Habertürk-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կասեր Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի նախագահին, Զելենսկին ասել է. «Կարծում եմ, կարևոր չէ, թե ինչպես կսկսենք հանդիպումը, կարևոր է, թե ինչպես այն կավարտենք: Այստեղ ես` որպես նախագահ պետք է լինեմ բավական պրագմատիկ: Կան խնդիրներ, որոնց շուրջ մենք պետք է փորձենք հասնել համաձայնության»:
Զելենսկին չի բացառել, որ ռուս-ուկրաինական բարձր մակարդակով հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովի պնդմամբ՝ Կիևը բանակցությունների ընթացքում «ըմբռնումով է մոտեցել Դոնբասի և Ղրիմի իրականությանը» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական առցանց բանակցություններն այսօր վերսկսվում են