Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը:
Your browser doesn’t support HTML5
Ավելի վաղ Շառլ Միշելը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:
Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը երկկողմանի հանդիպմանը կարևորել են երկխոսության շարունակականությունը, մտքեր փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ` հույս հայտնելով, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը, հաղորդում է կառավարությունը:
Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի առաջնորդի մասնակցությամբ հանդիպումը «արդյունավետ» կլինի:
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախագահ Ալիևը բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը հետպատերազմական շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և ընդգծել բրյուսելյան խաղաղության օրակարգի կարևորությունը։
«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հայկական կողմի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով այսօրվա հանդիպումը՝ որպես բրյուսելյան խաղաղության օրակարգի շարունակություն, արդյունավետ կլինի»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Եվրոպական խորհրդի նախագահն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը, բարձր գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում:
Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է դրանց անհապաղ մեկնարկին:
Վարչապետը հայտարարել էր նաև՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է՝ լրացրած առաջարկների հիմքի վրա՝ վերահաստատելով Հայաստանի համար Բաքվի ներկայացրած 5 կետանոց առաջարկում անընդունելի ոչինչ չկա։ Երևանը Բաքվի հինգ կետերը լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման օրակարգով: