Չեխիան Ուկրաինայում սովամահությունը «ցեղասպանություն» է ճանաչել

Սովամահության զոհերի հուշարձանի բացումը, արխիվ, Դնեպր, 5 դեկտեմբերի, 2021թ.

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատն ընդունել է բանաձև, որով 1932-33 թվականներին Ուկրաինայում զանգվածային սովամահությունը (հոլոդոմորը) անվանել է «ցեղասպանություն»:

Պատգամավորները դատապարտել են հոլոդոմորը որպես «Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործություն, զանգվածային հալածանք և մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարում»:

Բանաձևում նշվում է, որ հոլոդոմորը միտումնավոր կազմակերպել է 1932-33 թվականի հրեշավոր ռեժիմը` նպատակ ունենալով «կոտրել ուկրաինացի ժողովրդի կամքը բռնի կոլեկտիվացման դեմ պայքարում և խարխլել նրա ազգային ինքնությունը»:

Ապագայում նման ողբերգությունները կանխելու համար չեխ օրենսդիրները պահանջել են հետաքննել այդ կազմակերպված սովամահության հանգամանքները և պարզել մեղավորների անունները:

«Այսօրվա բանաձևը մեր պատմական պարտքն է, բանաձևը հատկապես կարևոր է հիմա, երբ Ուկրաինայի տարածքում շարունակվում է ռուսական դաժան ագրեսիան»,- ասվում է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած փաստաթղթում:

Պատգամավորները նաև ընդունել են մեկ ուրիշ բանաձև, որով խստորեն դատապարտել են Բուչա ավանում ռուսական բանակի վայրագությունները:

Ռուսաստանը կտրականապես հերքում է Բուչայում խաղաղ մարդկանց սպանդի մեղադրանքը և պնդում է, որ ուկրաինացիները կեղծ նյութեր են տարածում Բուչայի դեպքերի մասին:

Ուկրաինայում հոլոդոմերը պաշտոնապես ճանաչվել է որպես ցեղասպանություն: Ենթադրվում է, որ 1932-33 թվականներին Ուկրաինայում սովից մահացել է մոտ 4 միլիոն մարդ, ևս 3 միլիոն մարդ՝ հիմնականում գյուղացիական բնակչություն, այդ տարիներին սովից մահացել է Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում և Խորհրդային Միության այլ շրջաններում:

Մոսկվան պնդում է, որ բոլշևիկները բնակիչներին միտումնավոր զանգվածային սովամահության ենթարկելու ծրագիր չեն ունեցել և որ սովից մահացածների թիվը չի համապատասխանում իրականությանը:

Ըստ Մոսկվայի, սովը սկսվել է մի շարք բացասական գործոնների՝ վատ կլիմայի, վատ բերքի և աշխատանքների վատ կազմակերպման, ինչպես նաև ստալինյան ռեժիմի սխալ քաղաքականության հետևանքով: