Ջեն Սաքի. «Հավանաբար Բուչայում մենք տեսնում ենք սառցալեռան միայն գագաթը»

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին, արխիվ, Վաշինգտոն:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է պատերազմի հանցագործությունների համար:

Նախօրեին ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Բուչայում տեղի ունեցածը ոչ թե մի առանձին զինված ջոկատի արարք է, այլ պատերազմի հանցագործություններ իրականացնելու Ռուսաստանի բանակի հստակ գործելակերպի վկայություն:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին էլ չի բացառել, որ առաջիկայում ի հայտ կգան նոր սարսափելի տեղեկություններ:

«Հավանաբար Բուչայում մենք տեսնում ենք այդ սառցալեռան միայն գագաթը: Մենք դեռ չունենք տեղի ունեցածն ամբողջությամբ գնահատելու հնարավորություն»,- ասել է խոսնակը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կանխատեսել է այդ ամենը, ժամանակին զգուշացնելով, որ ռուսական ուժերը նման գործողությունների կդիմեն:

«Դժբախտաբար, մեր կանխատեսումներն իրականություն են դարձել»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին: