ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի ռուսական և բելառուսական ևս 120 կազմակերպությունների նկատմամբ

Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդ, Վաշինգտոն, 29-ը մարտի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է առաջիկայում պատժամիջոցների ցանկում ընդգրկել ռուսական և բելառուսական ևս 120 կազմակերպություններ ու դրանք զրկել բարձր տեխնոլոգիաներից: Այդ մասին մարտի 31-ին հայտնել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հաղորդակցության բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

«Առաջիկայում առևտրի նախարարությունը կձեռնարկի նոր քայլեր ռուսական պաշտպանական ոլորտի՝ աէրոտիեզերական և ծովային սեկտորների դիրքերը թուլացնելու համար: Պատժամիջոցների ցուցակում կհայտնվեն 120 կառույցներ Ռուսաստանից և Բելառուսից», - ասել է Բեդինգֆիլդը:

Նրա փոխանցմամբ՝ այդպիսով «սև ցուցակում» գտնվող ռուսական և բելառուսական կազմակերպությունների թիվը կգերազանցի 200-ը:

Այդ ընկերությունները չեն կարողանա առանց լիցենզիաների ստանալ ամերիկյան բարձր տեխնոլոգիաներ: