Ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Թե ինչ քրեական գործի շրջանակներում է Փիլոյանը ձերբակալվել և ինչի մեջ է կասկածվում, չի հաղորդվում։ Նախաքննական մարմինը նաև չի մանրամասնում՝ արդյոք Փիլոյանին արդեն առաջադրվել է մեղադրանք, կա՞ն այլ ձերբակալվածներ, թե՞ ոչ։ Կոմիտեից նշում են, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն։
Երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում: Այսօր ավելի վաղ ԱԻՆ-ից «Ազատությանը» տեղեկացրել էին՝ խուզարկությունները եղել են նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։
«Ազատության» աղբյուրները, սակայն, հաղորդել էին, որ իրավապահները երեկ նաև նախարար Փիլոյանին են հարցաքննել:
Քննչական գործողությունների ֆոնին՝ երկու օր առաջ նախարարը 14-օրյա արձակուրդի է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Անդրանիկ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի թեժ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նա կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց Փիլոյանը նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԻՆ-ում խուզարկությունները նախարարի խորհրդականի աշխատասենյակում են եղել