Երկու օր է՝ ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն չեն մանրամասնում՝ ինչ գործի շրջանակներում են իրավապահները խուզարկություններ իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, ովքեր են մեղադրվում, և արդյոք կան ձերբակալվածներ։ Այս պահին հայտնի է միայն, որ գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, և որ խուզարկությունն իրականացվել է ԱԱԾ-ի հետ համատեղ: Այլ մանրամասներ կոմիտեից այսօր էլ «Ազատությանը» չփոխանցեցին` խոստանալով առաջիկայում հայտարարություն տարածել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԻՆ-ում քննչական գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրգործի շրջանակներումՈրոշ մանրամասներ հաջողվեց պարզել Արտակարգ իրավիճակների նախարարությունից․ «Ազատությանը» տեղեկացրին՝ խուզարկությունները եղել են նախարարի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ Գերատեսչությունից նաև հայտնում են, որ Հակոբյանն այսօր աշխատանքի չի եկել, թեև պաշտոնյան արձակուրդ մեկնելու մասին նախապես չի հայտնել։ Արդյո՞ք խուզարկություններ են եղել նաև արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի աշխատասենյակում կամ այլ վայրերում, գերատեսչության խոսնակ Աննա Բաղդասարյանը փոխանցեց՝ հավելյալ տեղեկություն չունեն։
«Ազատության» աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ իրավապահները երեկ նաև նախարար Փիլոյանին են հարցաքննել: Նրա հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց: Քննչական գործողությունների ֆոնին՝ երկու օր առաջ Փիլոյանը 14-օրյա արձակուրդի է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նրան այժմ փոխարինում է առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանը: Վերջինիս հետ ևս զրուցել առայժմ չի հաջողվում։
Անդրանիկ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի թեժ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նա կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց Փիլոյանը նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով:
Նախքան նախարար նշանակվելը՝ 90-ականներից, նա Զինված ուժերում բարձր պաշտոններ է զբաղեցրել, ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Նրա խորհրդական Աշոտ Հակոբյանը, որի աշխատասենյակում իրականացվել է խուզարկությունը, նախարարություն է եկել Փիլոյանի նշանակումից մեկ ամիս անց, մինչ այդ աշխատել է Պետեկամուտների կոմիտեում։