Իրադրությունը լարված է մնում
Անցած գիշերն Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրադրությունը չի փոխվել, բայց մնում է լարված, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխում ամրացված հենակետերում են, և դիրքային որևէ փոփոխություն չի եղել:
Պաշտոնական Ստեփանակերտը նաև նշում է, թե հայկական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում է հետևողական աշխատանքներն արդբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու և ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար: Զուգահեռ, ըստ հաղորդագրության, բարելավվում են, պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:
Ադրբեջանական կողմը շարունակում է լարված պահել շփման գծին մոտ գտնվող գյուղերը:
«Ես մնալու իմ հայրենիքում և չեմ լքի իմ տունը». թաղավարդցի փոքրիկ
Հայկական ու ադրբեջանական հատվածների բաժանված Թաղավարդում անգամ ամենափոքրերը գիտեն ադրբեջանական հենակետների տեղը:
5-ամյա Լուսյան ու Էթերին դրսում նստած հետևում են դպրոցականների քայլին: Աշակերտների ճաշի ժամն է: Ճաշարանը գյուղապետարանում է՝ դպրոցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Երեխաներին պատերազմից հետո դպրոցում հայտնված ոստիկանն ու ուսուցիչներն են ուղեկցում՝ անվտանգության համար:
«Ճանապարհը մի քիչ արագ ենք անցնում, քանի որ թուրքերը մեզ հետևում են: Ճիշտ է` շատ ենք վախենում, բայց դե էս է եղածը», - ասում է ուսուցչուհին:
Ամեն օր է այսպես: Պետք է արագ հասնել ճաշարան: Գյուղը երեք կողմից ադրբեջանցի զինվորականների թիրախում է: Թաղավարդի ուղղությամբ կրակոցները պարբերաբար են:
Երեխաներին նաև դպրոցի բակում է արգելված խաղալ: Անգամ դպրոցի ներսում ապահով չէ: Անհանգստացած են ուսուցիչները. «Դպրոցի տնօրենի կարգադրությամբ երեխաներին արգելվում է դպրոցից դուրս գալ: Շատ մեծ ուշադրություն ենք դնում, որ հանկարծ որևէ երեխա նույնիսկ պատուհանին մոտ չլինի, արգելում ենք պատուհանին մոտ դաս անել, դաս անելու ժամանակ էլ վարագույրներն ենք քաշում, հանկարծ դրսից չնկատվի, չտեսնեն, քանի որ իրոք շատ մոտ է»:
Կրակոցները, ադրբեջանական նամազն ու կոչերը գյուղը լքելու մասին գյուղացիների առօրյայի մասն են արդեն դարձել: Երեխաներն էլ արդեն անգիր են արել հայտարարությունը, գրեթե ամեն օր են լսում:
«Կոչ են անում, որ դուրս գանք մեր հայրենիքից, որ մեր գյուղատնտեսական գործերն իզուր են, որ մենք գալու ենք և տիրանանք ձեր հողերին: Ուզում են, որ հոգեպես միշտ ճնշված լինենք, բայց մեկ է` ես մնալու իմ հայրենիքում և չեմ լքի իմ տունը», - պատմում են երեխաները:
Այստեղ մի փոքր աղմուկն անգամ գյուղացիներին ստիպում է վատթարագույնի մասին մտածել՝ կարո՞ղ է էլի ադրբեջանցիներն են կրակում:
«Նույնիսկ դպրոցը փայտ էր բերել, փայտը թափում էին մեքենայից, ու այդ աղմուկից, ես մոռացել էի մի պահ, ես բավականին վախեցած ցատկեցի տեղիցս, աշակերտներս ինձ ոգևորեցին` մի անհանգստացեք, ընկեր Գաբուլյան, փայտն են թափում, մի վախեցեք: Հետո դասի անձանց, հետո ադրբեջացիների ավտոմատի ձայներն էինք լսում, երեխեքն ասում են` ոչինչ, ադրբեջանցիներն են` կրակում են», - ասում է Մարալ Գաբուլյանը:
Նամազի ձայնից են արթնանում գյուղի՝ հատկապես ադրբեջանական հենակետերին մոտ հատվածում բնակվող թաղավարդցիները:
«Առավոտ ժամը 6-ի մոտերը իրենց նամազն անում են, ես էնքան եմ խղչում, ոնց որ շունը աղիողորմ աղաչում-պաղատում է, ասում եմ` էս ի՞նչ են ուզում: Հենց մեր բանջարանոցի մոտից է, շարժական ավտո ունեն տեղադրած, գալիս է այդ ավտոն», - նշում է Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը:
Իսկ նամազն ու գյուղը լքելու կոչերը օրվա ընցացքում մի քանի անգամ են: Լինում է նաև, որ դադար են վերցնում ադրբեջանցիները, ասում են գյուղացիները, սակայն կրկին գործի անցնում, երբ շփման գծի այլ հատվածում է իրավիճակը սրվում: