Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է հայկական կողմը:
Անդրադառնալով Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին` ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։
Բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Մինսկի խմբից դեռևս արձագանք չի եղել:
Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում իրադրությունը կտրուկ սրվեց մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը այս գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, սակայն ո՛չ Արցախի նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը չէին հաստատում։