Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները այսօր երեկոյան բանակցությունների նոր փուլ են սկսում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի:
Ուկրաինական «Պրավդա» պարբերականը, հղում անելով ուկրաինական պատվիրակության աղբյուրներին, հայտնում է, որ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կսկսվեն վաղը և կտևեն երկու օր, բայց հնարավոր է ավելի երկար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական բանակցությունները ծանր են ընթանումԲանակցությունները նախատեսված են Ստամբուլում, ռուս և ուկրաինացի բանագնացները, ինչպես հաղորդվում է, ժամանում են Ստամբուլ։
Նախօրեին Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտարարել էր Ստամբուլում բանակցություններ կազմակերպելու հարցով նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածության մասին․ - «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուտափույթ ձեռքբերումը»:
«Սպասվող բանակցություններից չի կարելի բեկում ակնկալել»․ Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ սպասվող բանակցություններից չի կարելի բեկում ակնկալել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ կարծիք է հայտնել, որ նախագահների մակարդակով հանդիպումը այս պահին արդյունավետ չի լինի։ Մոսկվան, ըստ Լավրովի, նման հանդիպման պատրաստ կլինի պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո։ Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային են մնում այսպես կոչված «Ուկրաինայի ապանացիֆիկացման և ապառազմականացման հարցերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ապառազմականացում, Ղրիմի, Դոնբասի ճանաչում»․ Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր պահանջներն ՈւկրաինայինՆախօրեին ռուս լրագրողներին տված հարցազրույցում, Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան չի քննարկի այդ հարցերը, քանի որ հստակ չեն, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ պահանջները։ Փոխարենը, Զելենսկու խոսքով, Ուկրաինան պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի կարգավիճակի, չեզոք կարգավիճակի հարցերը և Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։
Կիևի պահանջներից է մնում նաև ռուսական զորքերի դուրս բերումը երկրի տարածքից, որից հետո քննարկումներ սկսել Դոնբասի կարգավիճակի շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեզոք կարգավիճակի, ՆԱՏՕ-ին չմիանալու հարցում Ուկրաինան պատրաստ է համաձայնել․ Զելենսկի