Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 31-րդ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանդիպել է ուկրաինացի երկու բարձրաստիճան ղեկավարների՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Դմիտրո Կուլեբայի և Օլեքսի Ռեզնիկովի հետ:
Երկուսն էլ այս օրերին հազվադեպ են լքում պատերազմի մեջ հայտնված երկիրը: Ռեզնիկովը վերջերս միայն Բելառուս է մեկնել ռուսական կողմի հետ բանակցողների թիմի կազմում:
«Ոչ մի երկիր մեզ այդքան չի օգնել, որքան Միացյալ Նահանգները, և դա վճռորոշ է: Ուկրաինայի տոկունությունը և արևմտյան զենքը՝ հիմնականում ամերիկյան զենքը, ռազմի դաշտում հաջողության գրավականն է: Այսօր մենք ստացանք լրացուցիչ օգնության խոստում Միացյալ Նահանգներից: Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին և ակնկալում ենք նաև նոր պատժամիջոցներ ագրեսորի նկատմամբ»,- ասել է արտգործնախարար Կուլեբան:
Պաշտպանության նախարար Ռեզնիկովը մի նուրբ դրվագ է նշել պատժամիջոցներն ընտրելու վերաբերյալ:
«Երբ մեր զինվորները գերեվարում են թշնամու զինվորներին ու վերցնում նրանց հանդերձաքը, զենքը, տեխնիկան՝ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ սարքավորումներ ու կոնկրետ գործիքներ են նրանք կիրառում մեր դեմ կռվում: Օրինակ, դրոններ, և դրանցում կան սարքեր, որոնք ոչ թե Ռուսաստանում են թողարկվել, այլ ուրիշ երկրներում, նույնիսկ քաղաքակիրթ երկրներում: Մենք պարզում ենք, թե որ ընկերությունն է թողարկել այս կամ այն կոնկրետ մասնիկը, տեղեկացնում ենք մեր գործընկերներին և նրանք կազմում են պատժամիջոցի հաջորդ փաթեթը, որում լինում է նաև ռուսներին այդ սարքը փոխանցած ընկերությունը: Այդպես նրանք հասկանում են, որ վերջ, այս ուղին էլ փակվեց»,- ասել է Ռեզնիկովը:
Ջո Բայդենն ավարտում է Եվրոպա կատարած ուղևորությունը: Այսօր Վարշավայում նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Նա գովեստով է խոսել Ուկրաինային սատարելու, ուկրաինացի հսկայական թվով փախստականներ ընդունելու Լեհաստանի որոշման մասին:
Պատերազմից փախչող հազարավոր մարդիկ են ամեն օր հատում Լեհաստանի սահմանը: Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգներն էլ 100 հազար ուկրաինացի փախստական կընդունի:
Բայդենը նախագահ Դուդային հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության թիվ 5 հոդվածն անառարկելի արժեք է, ուժի մեջ է, և եթե որևէ մեկը համարձակվի արշավել դաշինքի անդամ երկրի վրա, ՆԱՏՕ-ն ամենակոշտ ու ջախջախիչ պատասխանը կտա:
«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է ըմբռնում թիվ 5 հոդվածը, և այս սեղանի շուրջ նստած իմ գործընկերները շատ անգամ են լսել իմ այս հաստատումը՝ հարձակումը մեկի վրա կնշանակի հարձակում դաշինքի վրա: Սա մեր հիմնարար դրույթն է, սրբազան առաքելությունն է, որը տարածվում է ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի վրա: Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Դուդային և վերահաստատել մեր այս խառը ժամանակներում, այս փոփոխվող աշխարհում առկա մի մնայուն փաստ՝ ՆԱՏՕ-ն բացարձակ, ամբողջապես միասնական է»,- ասել է Ջո Բայդենը:
Այսօր ավելի ուշ Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես կգա Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման թեմայով ծավալուն ելույթով, որում կանդրադառնա ուկրաինացիներին սատարելու, ՆԱՏՕ-ի արևելյան թևը հզորացնելու և ռուսներին այդ աղաղակող ներխուժման համար պատժելու հարցերին:
«Ռուսաստանի ագրեսիան, Ուկրաինայի ժողովրդի այս սարսափելի ողբերգությունը, որը մենք բոլորս տեսնում ենք, այս ամենը լեհերի մեջ մեծ մտահոգություն է առաջացնում, որովհետև մենք գիտենք, թե ինչ է ռուսական իմպերիալիզմը, ռուսական բանակի կողմից հարձակման ենթարկվելը, որովհետև մեր պապերն ու պապերի պապերը և նույնիսկ մեր ծնողները վերապրել են դա»,- ասել է Դուդան:
Բայդենը Բրյուսելում մարտի 24-ին մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ներկա է եղել Եվրամիության և «Մեծ յոթնյակի» հավաքներին:
Բոլոր երեք միջոցառումների առանցքային թեման Ուկլրաինայի պատերազմն էր և արձագանքը Մոսկվայի ագրեսիային:
Արևմուտքը և «Մեծ յոթնյակը» խստագույն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Բրյուսելում քննարկվել է նաև ի պատասխան ռուսների սպառնալից գործողությունների ռուսական էներգակիրների ներկրումը սահմանափակելու և տեսանելի ապագայում դրանից ընդհանրապես հրաժարվելու հնարավորությունը: