Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներից արտագնա աշխատանքի մեկնողների համար նոր կանոններ է սահմանել

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներից արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների համար նոր կանոններ է սահմանել։ Համաձայն այդ փոփոխությունների՝ աշխատանքային միգրանտը պետք է մատնահետք, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների համար իր հաշվին անալիզներ հանձնի, որոնց արդյունքից էլ պարզ կդառնա՝ կկարողանա աշխատել Ռուսաստանում, թե՝ ոչ։

Այս կանոններին չհետևելու դեպքում աշխատանքային միգրանտը կարող է 5 տարով արտաքսվել։

Միգրանտների իրավունքներով զբաղվող Հայկական Կարիտասի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն օրերս խոպան մեկնող սարատակցիներին բացատրում էր, թե ինչ խնդիրների կբախվեն, եթե կանոններին չհետևեն։

Սարատակցի խոպանչիները բավականին լավ տեղեկացված էին, թե ինչ է իրենց սպասվում։ Ավելի շատ մտահոգված էին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմամբ։ Ամեն դեպքում հավաքվածների մեծ մասը ասում էր՝ անկախ ռուբլու արժեքից գնալու են Ռուսաստան։

«Ռուբլու կուրսը ցածր էլ լինի՝ գնալու ենք, որովհետև այստեղ մնալը հնարավոր չէ», - ասաց բնակիչներից մեկը:

«Ես մեկ ամիս առաջ եմ եկել, Ռուսաստան եմ եղել, մի քիչ տնային պայմանների հետ կապված խնդիրներ են եղել, բայց դե ցանկության դեպքում մոտակա օրերս, թեկուզ մինչև ապրիլի վերջ, էլի գնալու ենք», - ասաց մեկ այլ սարատակցի:

Միգրանտներին իրավական օգնություն տրամադրող ռուսական «Թոնգ Ջահոնի» կազմակերպության փորձագետ Վալենտինա Չուպիկը սարատակցի խոպանչիների խորհուրդ տվեց Ռուսաստանի փոխարեն այլ հուսալի ուղղություններ գտնել։ Փորձագետը կարծում է՝ տնտեսական պատժամիջոցների հետևանքով շատ գործատուներ չեն կարողանա վճարել իրենց աշխատողներին։

«Ինչի կբախվեք և ինչի մասին են հիմա ահազանգում միգրանտները, որ գործատուները, որոնք նախկինում պաշտոնապես գրանցում էին աշխատողներին, միգրանտներին հիմա ասում են՝ արագ ազատման դիմումներ գրեք, թե մի մտահոգվեք, իրականում մենք ձեզ աշխատանքից չենք ազատում, ուղղակի հիմա ձեզ չի կարելի պաշտոնապես գրանցել, քանի որ հիմա պաշտոնապես միայն ռուսներին ենք գրանցում: Եվ սա մասսայական բնույթ է կրում: Դուք հասկանո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է որ դուք աշխատավարձ չեք ստանալու: Մասսայական կբախվեք սև աշխատավարձի վճարումների հետ, պայմանագրում կֆիքսվի ամենացածր աշխատավարձը՝ 12 հազար 180 ռուբլի և գործատուն կասի, որ ևս 50 հազար կվճարեն սևով։ Դուք պետք է հասկանաք, որ ոչինչ չեք ստանա, եթե գործատուն այդպես որոշի», - ընդգծեց նա։

Վալենտինա Չուպիկը նույնիսկ զգուշացրեց՝ իրավիճակը Ռուսաստանում վատ կմնա այնքան, մինչև չփոխվի ռեժիմը. «Մինչև չփոխվի քաղաքական իրավիճակը, պետք չէ վազել Ռուսաստան: Եթե նույնիսկ այն փոխվի առանց ռեժիմի փոփոխության, այնտեղ միևնույն է շատ վատ է լինելու»:

Երկարամյա փորձ ունեցող սարատակցի աշխատանքային միգրանտները, սակայն, ասում էին՝ խոպան գնալը միշտ էլ ռիսկային է եղել ու ոչ մի երաշխիք չի եղել, որ գործատուի հետ նախապես պայմանավորված գումարը կստանան։

«Էդ ամեն ինչը հաշվի առել ենք ու առաջին անգամ չի, որ պիտի հաշվի առնենք, մինչև անգամ անցած տարի էլ որ գնացել էին, հեչ մի բան էլ չկար, էդ մտավախությունը միշտ էլ եղել է, կարաս աշխատես չտան, կարա ուրիշ խնդիրներ լինի: Մենք միշտ էլ էդ պրոբլեմները ի նկատի ունենալով գնացել ենք», - ասաց սարատակցիներից մեկը:

Ինչ վերաբերում է տեղում, ասենք, մայրաքաղաք Երևանում աշխատանք գտնելուն, Արտաշես Մովսիսյանն ասում է՝ աշխատածով տան վարձի գինն էլ հիմա չի փակի. «Եթե ստեղից մի 3-4 տարի առաջ մնում էինք 60-70 հազար դրամով, էսօր հանել են 200 հազար դրամ, ես ամիսը պիտի Երևանում աշխատեմ լավագույն դեպքում 200 հազար դրամ փող, էդ տամ ընդեղ մնամ, ապրեմ ու հետն էլ ստեղ ընտանիքս պահեմ, էդ հնարավոր չէ»:

Միգրանտներին աջակցելու, տեղում բիզնես հիմնելու համար առայժմ Եվրամիության ֆինանսավորմամբ է մի ծրագիր իրականացվում: Հայկական Կարիտասի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ իրենք ևս դոնորների հետ բանակցում են, որ խորհրդատվությունից բացի նաև գործնականում կարողանան աջակցել վերադարձող միգրանտներին: