Հին են դռները, հատակը, կահույքը, բայց ժամանակակից գաղափարներն ու ծրագրերը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում: Ստուդիան ընդամենը 15 ամսվա ընթացքում բացեց երիտասարդներին մեծ բեմ տանող ու 10 տարի փակված դռները, այսօր արդեն կայուն խաղացանկ ունի, երիտասարդ կատարողների՝ պարողների, երգիչների, երաժիշտների թիմ ու մեծ հավակնություն «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնում միանգամից երկու մրցանակի տեր դառնալու՝ Քրիստոֆ Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացման համար։
Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանն ասում է՝ համեստորեն դիմել էին 5 անվանակարգի համար, 2-ում արձանիկ ստանալու հստակ շանս ունեն։ Ֆրանսաբնակ 23-ամյա ռեժիսոր Վռամ Կարապետյանը՝ լավագույն երիտասարդ բեմադրիչ, Նյու Յորքում բնակվող հայտնի գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը՝ ձևավորող նկարիչ անվանակարգերում են ներկայացված։
«Մրցունակ ինչ-որ բան ներկայացնում ենք Հայաստանի հանդիսատեսին, տեսնենք՝ ինչ գնահատական կստանա», - ասաց Վարդանյանը:
Հիմա, սակայն, դափնիների մասին մտածելու ժամանակը չէ, թատրոնում նոր պրեմիերա է՝ միանգամից երկու ներկայացում՝ Բեթհովեն ու Էնիգմա։ Խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի կարծքով՝ քայլ առ քայլ թատրոնը իր հանդիսատեսին է հավաքում. «Որպեսզի այդ կուլտուրան մեր քաղաքում ավելի բացվի, ճանաչեն ժամանակակից պարը»:
Իսկ դեռ 1 տարի առաջ «Թատրոնը սկսվում է կախիչից» հայտնի խոսքերն այստեղ անգամ դժվար էր պատկերացնել, նախ որովեհտև կախիչ պարզապես չկար, հիմա և՛ կախիչ կա, և՛ հյուրասրահ, և՛ բեմի վերևից հրաշքներ գործելու տարբերակ:
«Մի քանի հարթակներ էլ դեռ վերև են բարձրանում ու անկեղծ ասած զարգացման հետագա փուլերում ես պատկերացնում եմ, որ մենք նաև հանդիսատես ենք հյուրընկալելու, այսինքն որոշ պերֆորմանսներ բեմի վրա են լինելու, իսկ հանդիսատեսը օթյակներից կարողանալու է վերևից դիտել», - ասաց Հայկ Վարդանյանը՝ շարունակելով, - «այստեղ հստակ դերաբաշխումներ չեն կարող լինել, որովհետև շատ փոքր աշխատակազմով ենք գործում: Օպերային թատրոնի 40 հոգանոց աշխատակազմով, որից երևի 30-ը գեղարվեստական թիմն է, մնացած տասս երբեմն դռնապան, հյուրերին դիմավորող, SMM, մարկետինգ, PR, ֆինանս»:
Նաև շինարարության ոլորտում կառավարիչ, ու նաև օպերային երգիչ. «Կյանքի ամբողջ կառուցվածքը փոխվեց, երբ դարձա օպերային երգիչ, 17, 18, 19 թվականների կեսն ուղիղ անց էի կացնում Միլանում՝ իմ ուսուցչի մոտ և այնտեղ էլ օպերային դեբյուտս եղավ 19 թվականի մայիսին: Ինձ թվում էր, որ այս ամեն ինչը աճողական պիտի շարունակություն ունենա և ես իմ կառավարչի մասնագիտությանը երևի մինչև թոշակի անցնելը չեմ վերադառնա, բայց ճակատագիրն այլ նվերներ էր պատրաստել»:
Հայկ Վարդանյանը Հայաստան է վերադարձել մի քանի տարի առաջ՝ ընդամենը մեկ զանգի պատճառով. օպերային հայտնի երգչուհի, Օպերայի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը խնդրեց գալ ու կիսվել փորձով. ամեն երգիչ կառավարիչ չէ, ամեն կառավարիչ արվեստի նվիրյալ չէ:
«Մեղմ ասած չեմ փոշմանել այն առումով, որ լավ ժամանակաշրջան էր ինչ-որ բան փոխել փորձելու համար ու նաև լավ օրինակ է ծառայում պետական շատ այլ ենթակառուցվածքային ինստիտուների համար, որ այո, հնարավոր է նույնիսկ այն պարագայում, երբ չկա պետական ռեսուրս», - ընդգծեց նա:
Հուսահատության պահեր եղել են։ Պատերազմը, քովիդն էլ ավելի երկրորդ պլան մղեցին արվեստը...շոշափելի գումարներ այստեղ վաստակել չի ստացվում, պետական աջակցություն, մեղմ ասած, չկա. «Ես հիմա էլ փորձում եմ փնտրել հնարավորություններ գումար վաստակելու իմ կառավարչի վճարվող արդյունք ենթադրող գործունեության, որովհետև ես այստեղ կարելի է ասել գրեթե կամավոր եմ, կարելի է ասել գրեթե չեմ վաստակում կամ վաստակում եմ գումարի 10 տոկոսային, որը ես իբրև կառավարիչ վաստակում էի բիզնեսում գործունեություն ծավալելիս: Ես ամեն դեպքում հույսս չեմ կտրել, որ որոշակի պետական կարգավրումներից հետո մշակութային հարթակը ևս կկարողանա շատ առողջ ֆինանսական կյանք ունենալ», - ներկայացրեց Վարդանյանը:
Օպերայի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը ևս այս մտահոգությունը կիսում է։ Ստուդիան, իհարկե, Պապյանի գնահատմամբ, հսկայական աշխատանք է արել 1,5 տարում, սակայն ժամանակակից պահանջները շատ հաճախ բյուրոկրատական պատին են բախվում։
«Մի քիչ խեղճանում ենք, բայց մենք հիմնականում հովանավորների հույսին ենք: Փառք Աստծո, որ կան գիտակից մարդիկ մեր շուրջը, որոնք հասկանում են մշակույթի կարևորությունը, որովհետև շատերն ասում են, որ հիմա մարդիկ տանիք չունեն, հիմա օպերայի ժամանակ չի, բայց կարծում եմ, որ հենց հիմա է օպերայի ժամանակը, որովհետև ես տեսնում եմ, թե որքան հոգևոր է մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդները», - ընդգծեց Պապյանը: