Շոն Փեն. «Չգիտենք` դեռ ինչքան սարսափելի կորուստներ կլինեն, բայց գիտենք` ուկրաինացիները կհաղթեն»

Շոն Փենը պատասխանում է լրագրողների հարցերին, Ռժեշուվ, Լեհաստան, 25 մարտի, 2022թ.

Ամերիկացի կինոբեմադրիչ, դերասան և պրոդյուսեր Շոն Փենն այսօր Լեհաստանում՝ Ռժեշուվ ավանում այցելել է ուկրաինացի փախստականների կենտրոն:

«Օսկարի» մրցանակի դափնեկիր Փենը հայտնի է որպես քաղաքական ակտիվիստ և բարերար: 2010 թվականին Հայիթիի ավերիչ երկրաշարժից տուժածներին սատարելու համար ստեղծված CORE (Community Organized Relief Effort) հապավումով բարեգործական կազմակերպության համահիմնադիրն է: Այդ կազմակերպությունը երկրաշարժից հետո շարունակել է մոլորակի մյուս շրջաններում կարիքավորներին և աղետյալներին օգնելու առաքելությունը:

Փենը դրանից առաջ՝ 2005 թվականին օգնել է ԱՄՆ-ում «Քաթրին» փոթորկից տուժածներին, ապա 2012 թվականին՝ արդեն որպես CORE-ի ներկայացուցիչ, օգնել է Պակիստանում հեղեղումներից տուժածներին:

Շոն Փենը CORE-ի անունից Ռժեշուվ ավանի ղեկավարների հետ համագործակցության պայմանագիր է կնքել:

«Ես ունեմ ծրագիր՝ մասնակցել մեծ տոնակատարության, երբ Ուկրաինան հաղթի այս պատերազմում: Դա կլինի, նրանք դա կանեն, մենք չգիտենք, թե դեռ ինչքան սարսափելի կորուստներ, անիմաստ կորուստներ և ողբերգություններ կլինեն, բայց մենք գիտենք, որ ուկրաինացիները կհաղթեն»,- ասել է Փենը:

Հոլիվուդի աստղը հենց սկզբից խստորեն դատապարտել է ռուսների ներխուժումը հարևան պետություն:

61-ամյա Փենը ռուսների հարձակման առաջին օրերին Ուկրաինայում սկսել է վավերագրական ֆիլմ նկարահանել պատերազմի մասին, և երբ իրավիճակը շատ վտանգավոր է դարձել, ստիպված իր երկու գործընկերների հետ ոտքով հասել է Լեհաստանի սահման:

Փենը հուզմունքով է խոսել Լեհաստանում ուկրաինացիների հանդեպ դրսևորվող կարեկցանքի և փախստականներին օգնելու անկեղծ ցանկության մասին:

Ֆիլմը, որը նա հիմա նկարահանում է, պետք է արտադրի Vice Studios ամերիկա-կանադական մեդիաընկերությունը: