Ուկրաինայի դեմ արդեն մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմի ընթացքում Ռուսաստանն այսօր երկրորդ անգամ տվյալներ է հրապարակել սեփական զոհերի մասին։
Ըստ Գլխավոր շտաբի, մինչ օրս ռուսական կողմից զոհվել է 1351 զինվորական, 3825-ը վիրավորվել են։ Մինչ այս Մոսկվան միայն մեկ անգամ էր խոսել կորուստների մասին։
Մարտի 2-ին՝ պատերազմի մեկնարկից մոտ մեկ շաբաթ անց, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե բանակն արդեն 498 զոհ է տվել։ Ուկրաինական աղբյուրները պնդում են, թե ռուսական կողմի իրական կորուստները մի քանի անգամ ավելի մեծ են: Այդ պնդումները, սակայն, հնարավոր չէ ստուգել անկախ աղբյուրներով։