Ե՛վ Փառուխ գյուղը, և՛ ոչ հեռու գտնվող Քարագլուխ բարձունքը այս պահին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են՝ ըստ Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանի, որն այս պահին գտնվում է հարևան Խրամորթ գյուղում։
«Երեկ են մտել Փառուխը գրավել», - ասում է Միքայելյանը։ «Ազատության» հարցին՝ վստա՞հ է, որ բարձունքը ևս գրավել են, նա պատասխանեց՝ համենայն դեպս, հեռվից տեսանելի է, որ այնտեղ ևս Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն են։
«Եկել են ահագին մարդ՝ զենք-զինամթերքով, խմբերով տարբեր հատվածներից մտել են գյուղ, հետո մոտեցել Քարագլուխ հատվածին։ Գյուղում մարդիկ կային, մենք հենց էտ պահին էլ հանել ենք մարդկանց», - ասում է գյուղապետը։
«Ազատության» հարցին, թե որտե՞ղ էին այդ ժամանակ խաղաղապահները, գյուղապետը պատասխանեց, որ գյուղում են եղել, պարզապես մինչ բանակցել են ադրբեջանական մի խմբի հետ, մյուս խմբերն առաջ են շարժվել դեպի գյուղ։ Երեկ Փառուխից հեռացած գյուղապետը արդեն հստակ չգիտեր, թե որ հատվածում է տեղի ունեցել Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի ստորաբաժանումների բախումը։
Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդել է, որ ադրբեջանական զինված ուժերը «ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխհրաձգության հետևանքով, ճշտված տեղեկություններով, վիրավորվել է ՊԲ հինգ զինծառայող ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների հրամանատարության հետ «ակտիվ երկխոսության մեջ են»