Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է, այսօր հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետների ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնկալում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»:
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին․ Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն իրականացնում է պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը, իր հերթին հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Շեշտելով, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակներն են՝ ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով, Արցախի արտգործնախարարությունը պնդում է՝ «Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին»:
«Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար», - նշում է արտգործնախարարությունը՝ շարունակելով․ - «Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը Արցախի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի․ ՊԲ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում