Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հատնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հեռախոսազրույցի մասին ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի համաձայն՝ Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախի Ասկերանի շրջանում «վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ»։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
«Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ԶՈւ-ի շարժը հայկական տարածքում կասեցված է, սակայն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. տեղեկատվական շտաբ