Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: «Ազատությանն» այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
«Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։
Րոպեներ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ այսօր, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
«Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- ասված է տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ։