Եկեղեցին ընդունելի չի համարում Քրիստոսի արձանի տեղադրումը

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ «այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Այս որոշումն ընդունել է Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ:

Նախաձեռնությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին է:

«Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», - ասված է եկեղեցու հայտարարության մեջ:

Փրկչի արձանը 33 մետր բարձրություն պիտի ունենա, պատվանդանը շատ ավելի՝ 2-3 անգամ բարձր: Հայաստանի ամենաբարձրադիր գոտուց՝ Քրիստոսի արձանը դուրս է բերելու հայ ժողովրդին հուսահատության թմբիրից, խոստացել է Ծառուկյանը:

Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին անդրադարձել էր նաև առաջին նախագահը: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը պետք է կտրականապես մերժեր այդ գաղափարը, որովհետև այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։