Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը կդնի աճուրդի և եկամուտը կփոխանցի ուկրաինացի փախստականներին

Նոբելյան Խաղաղության մրցանակի 2021 թվականի դափնեկիր Դմիտրի Մուրատովը, Օսլո, 10 դեկտեմբերի, 2021թ.

Նոբելյան Խաղաղության մրցանակի 2021 թվականի դափնեկիր, «Նովայա գազետա» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը մեդալը կներկայացնի աճուրդի և ստացված եկամուտը կփոխանցի ուկրաինացի փախստականներին:

Մուրատովը ռուս-ուկրաինական պատերազմի կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, փոխանակել գերիներին և զոհվածների դիակները, բացել մարդասիրական միջանցքները և օգնություն տրամադրել փախստականներին:

Մուրատովը կոչ է արել աճուրդի տներին արձագանքել առաջարկին և իրականացնել Խաղաղության դափնեկրի մեդալը վաճառքի ներկայացնելու նախաձեռնությունը:

Ռուսական պարբերականի գլխավոր խմբագիրը Ֆիլիպիններից լրագրող Մարիա Ռեսսայի հետ միասին է վաստակել 2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակը: Երկու լրագրողներն այդ պատվին են արժանացել «կարծիքների ազատությունը պաշտպանելու համար, քանի որ դա է խաղաղության և դեմոկրատիայի պայմանը»: