Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևո»-ն, գրեթե չի գործում:
Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:
Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:
Օդանավակայանի վարչակազմը պնդում է, որ աշխատակիցների միայն 20 տոկոսն է տուն ուղարկվել:
Այդ աշխատակիցները դեռևս կպահպանեն աշխատատեղերը և կստանան աշխատավարձի 70 տոկոսը: Պարապուրդի հնարավոր տևողությունը հայտնի չէ:
Ի պատասխան Ուկրաինայի վրա ռազմական հարձակման, արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Սանկցիաների ցանկում է նաև ավիացիան: Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Կանադան Ռուսաստանի համար փակել են օդային տարածքը:
«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորափոխադրումների ծավալը 7 անգամ նվազել է, հիմա «Շերեմետևո»-ն օրական սպասարկում է առավելագույնը 15 չվերթ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը հրապարակեց