Ամենատարբեր մշակութային օջախներում՝ թանգարաններ, գրադարաններ, նաև դպրոցներ ու հասարակական կազմակերպություններ, հրատարակչություններ ամեն տարի հանդես են գալիս ամենատարբեր գրական միջոցառումներով։ Եվ, իհարկե, առաջինը օրվա խորհուրդը ազդարարում է Հայաստանի գրողների միությունը, որն այս տարի Պոեզիայի համաշխարհային օրը հռչակել է չարենցյան՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։
«Մենք նվիրրում ենք Չարենցի հոբելյանին։ Մեր Պոեզիայի այգում ենք նախատեսել, կլինեն նաև դեսպանատներից, հրավիրել ենք։ Կլինի նաև ասմունք, գրողները ելույթ կունենան Չարենցին նվիրած իրենց գործերով։ Գրականությունը դա մեռած օրգանիզմ չէ, այն միշտ շարժման մեջ է, ապագայում է գրականությունը։ Եվ ինքը [Չարենցը] իր պոեզիայի ճակատագրով շատ ժամանակներ ապրեց, շատ գրական ձևեր ինքը համանվագային կերպով ընկալեց ու արձագանքեց։ Նրա գրականությունը շարժվում է, հենց այսօր էլ է շարժվում և խթանում նոր մտածողությունների», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Գրողների միության Պոեզիայի պուրակում այսօր մեր ժամանակակից գրողներն ընթերցեցին իրենց բանաստեղծությունները, որոնց թվում և Եղիշե Չարենցին նվիրված ստեղծագործությունները՝ մեկ անգամ ևս անդրադառնալով թե' նրա թողած ժառանգությանը, թե' այդ ժառանգության ազդեցությանը տարբեր սերունդների, նաև ժամանակակից գրականության վրա։
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի համոզմամբ, Չարենցը լրջագույն դասեր է թողել իր պոեզիայով և նրան պետք է ականջալուր լինեն գրողները բոլոր ժամանակներում. - «Կարևոր հանգանակը, որ կարող ենք այսօր բարձրաձայնել, դա այն է, որ ասում էր՝ Ես հիմա մի պոետ, որ եկել է դարերից, և գնում է հաղթական դեպի դարերը նորից։ Այսինքն՝ մինչև դարերից չգաս, դեպի դարերը չես կարողանա գնալ։ Եթե միայն էսօր ես ծլել ու ծաղկել, այսպես ասած, էդտեղ էլ կմնաս։ Պիտի դարերից գաս, արմատներով պիտի գաս։ Արմատները մոռացողը ծիլեր չի տա, շյուղեր չի տա»։
Բանաստեղծ, Գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանի խոսքով, Չարենցի պոեզիայի շնչով են ծնունդ առել հետագա գրական սերունդները. - «Չարենցն այն բանաստեղծն է, որ ոչ միայն ժամանակի փորձությանը դիմացել և դիմանալու է, նա իր մեծությունը հաստատել է՝ բացահայտելով այլ բանաստեղծների։ Եթե մենք սկսենք Չարենցից մինչև էսօր, այդպիսի շրջան գոյություն չունի, որ ծնված չլինի դեպի Չարենցը գնացող բանաստեղծություն, հզոր հունը եղել է Չարենցի բանաստեղծությունը։ Ես չեմ ուզում համեմատականներ տանել մեր մյուս մեծերի հետ, բայց այդ հունով է գնացել մեր բանաստեղծությունը և մեր խոսքարվեստը։ Մեծ են այն բանաստեղծները, որ բացապարզում են ապագա տաղանդներին հետագա ժամանակների մեջ»։
Բանաստեղծուհի Գոհար Գալստյանի համոզմամբ, Եղիշե Չարենցը «իր ժամանակի մեծագույն վկայողն էր, բայց այն, որ հանճարեղ պոետ էր». - «Վկայողը և նահատակը։ Ցավալիորեն նահատակը։ Ինձ համար, որպես մարդու և բանաստեղծի, Չարենցի անվան դպրոցում եմ սովորել տասը տարի, քսանհինգ տարի է աշխատում եմ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Մի տեսակ այնքան մեծ պարգև է նրա անունը, որ ուղեկից է իմ կյանքին»։
Հավենենք, որ Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր երեկոյան մի շատ ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել «Անտարես» հրատարակչությունը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի թատրոնը՝ ժամանակակից պոեզիայի սիրահարներին հրավիրելով Ազատության հրապարակ, որտեղ օպերային թատրոնի պատշգամբներից իրենց բանաստեղծությունները կընթերցեն հայ ժամանակակից պոետները՝ «Անտարեսի» հեղինակները։ Նախաձեռնության նպատակն է է'լ ավելի ճանաչելի դարձնել հայ ժամանակակից պոեզիան և հայ ժամանակակից պոետներին։