«Իշխող ուժը չի հրաժարվում իր նախընտրական ծրագրում գրված որևէ կետից», - արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում էր, թե արդյոք իշխանությունը բանակցությունների ընթացքում քննարկման դնելու է Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը։ Գրիգորյանը հիշեցրեց՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում նշված էր խաղաղ, բանակցային ճանապարհով նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։
«Մենք մեր գրած ոչ մի բանից չենք հրաժարվում։ Բայց ինչպես նկատեցիք, բանակցություններն էդ մասով դեռ չեն սկսվել, բայց մենք նորից ասեմ՝ դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, որպեսզի նրանց նախաձեռնությամբ վերսկսվեն բանակցություններ, կազմակերպվեն բանակցություններ, հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագիրը և իհարկե, Հելսինկյան եզրափակիչ ակտը», - արձագանքեց Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ը ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրելԱրտաքին գործերի նախարարությունը շաբաթավերջին կոշտ էր արձագանքել Շուշիում օրերս տեղի ունեցած միջոցառմանն Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությանը։ ԱԳՆ էր կանչվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը, նրան բողոքի նոտա էին հանձնել։ Արտգործնախարարությունը պահանջել էր Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
Բաքվի արձագանքն էլ չէր ուշացել, արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, թե «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում ցանկացած միջոցառման կազմակերպումը և դրան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը չի մտնում Հայաստանի իրավասության մեջ»:
«Եթե ուշադիր նայենք շեշտադրումներին, որոնք տեղ են գտել այդ հայտարարության մեջ, այնտեղ ուղիղ տեքստով չկա Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խնդիր, նշված չէ ընդհանրապես, որ այդ տարածքներն օկուպացված են։ Հայտարարությունը արվել է միայն այն համատեքստում, որ այդ այցով ՄԱԿ-ը իր ներկայացուցիչների միջոցով խախտում է չեզոքության սկզբունքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը որևէ կերպ կապ չունի ԼՂԻՄ մաս կազմող Շուշիի կամ Հադրութի դեօկուպացիայի հետ։ Ընդգծում է՝ իշխող ուժն այդ խնդրին միայն նախընտրական ծրագրում էր անդրադարձել, իսկ կառավարության ծրագրում՝ ոչ։
Վերջին շրջանում, ըստ քաղաքագետի, իշխանությունը հիմնականում զգուշավոր է խոսում այդ թեմայով. - «Բավականին դժվար է պատկերացնել, որ բանակցային ճանապարհով հնարավոր է վերադարձնել Շուշին կամ Հադրութը, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի այդ պահանջից։ Առնվազն կարելի է այդ պահանջը ունենալ և հետագայում, եթե նույնիսկ չստացվի իրականացնել այդ պահանջը, ինչ-որ բանի դիմաց փոխանակել։ Այսինքն՝ պետք է բանակցությունները սկսել մաքսիմալ կետից, որպեսզի բանակցությունների ընթացքում հնարավոր լինի ինչ-որ փոխզիջումների գնալ»։
Տիգրան Գրիգորյանը միանգամայն բնական է համարում Երևանի արձագանքը։ Քաղաքագետն ասում է՝ ՄԱԿ-ի ներկայացուցչի այցով Շուշի խախտվել է միջազգային կառույցի չեզոքության սկզբունքը. - «ՄԱԿ-ի ներկայացուցիչը մասնակցելով Շուշիում կազմակերպված այդ միջոցառմանը՝ խախտել է չեզոքության սկզբունքը, որը բոլոր միջազգային կազմակերպությունները պարտավոր են պահպանել մեր հակամարտության համատեսքստում»։
Բաքուն ամռանն էլ էր նման այց կազմակերպել Ադրբեջանում գտնվող միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար, որին, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները չէին մասնակցել։ Քաղաքագետն ասում է՝ նույն սկզբունքով Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պետք է առաջնորդվեր։
Միավորված ազգերի կազմակերպությունից դեռ չեն արձագանքել կառույցի հասցեին ուղղված քննադատությանը։