Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ վկայակոչելով Սյունիքի Ներքին Հանդում կատարված հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Պաշտպանի խոսքով՝ բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։
Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները՝ հայտնում է Գրիգորյանը՝ շեշտելով՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները «վրաններ են խփել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում». ըստ ՊՆ-ի` ՀՀ ինքնիշխան տարածք չեն մտել