8-ամյա աղջկա երկամյա գերությունը, անհետ կորած եղբոր պատմությունն ու պատերազմի չսպիացող վերքերը

Պատերազմներից կրած զրկանքների մասին արցախցի 61-ամյա Ասյա Ավագյանի պատմություններն անվերջ են։ Առաջին պատերազմի ժամանակ մի քանի ամիս անտառներում անցկացնելուց հետո 8 տարեկան աղջիկը, ծնողներն ու եղբայրը գերի են ընկել Արցախի Մաղավուզ գյուղից։

Ասյան կորցրել է կապը նրանց հետ, Հայաստանում դիմել բոլոր հնարավոր կառույցներին։ Ի վերջո մի քանի ամիս անց ծնողները վերադարձել են՝ առանց մանկահասակ աղջկա ու եղբոր։ Միայն երկու տարի անց՝ պատերազմի ավարտից հետո, 10 տարեկանը բոլորած Ալվինան, որ Ադրբեջանում Ուրվիա էր դարձել, փոխանակվել է ադրբեջանցի գերու հետ ու վերադարձել Հայաստան։ Իսկ եղբայրը, որ արդեն 53 տարեկան կլիներ, անհայտ կորած է մինչև այսօր։

«Ծնողներիս փոխանակել են Ղարաբաղից, երկու հոգու են որոշել փոխանակել, հայրիկիս ասել են մի հոգու կարաս տանես, որ մեկին ուզում ես վերցրու՝ կնոջդ թոռանդ կամ տղայիդ: Դե ինքը մամայի հետա դուրս եկել, մտածել ա երեխան փոքր ա, վնաս չեն տա, եղբորս թողել ա, երկու տարի մնացել ա աղջիկս փոխանակվել ա, բայց եղբայրը կորել ա», - ներկայացրեց Ասյան:

Նա պատմում է՝ մանկահասակ աղջիկը նախ ադրբեջանական բանտերում է եղել, հետո մանկատանը, այնուհետև նրան տեղափոխել են մի ընտանիք, որոնց տղան Հայաստանում էր գերի ընկել։ Ընտանիքը լավ է վերաբերվել աղջկան, նրա նկատմամբ հոգատար են եղել՝ հույս ունենալով, որ աղջկան կարող են փոխանակել իրենց որդու հետ։

«Իրանք միջազգային Կարմիր խաչով ինձ տեղեկացրել են, նկար են ուղարկել, որ երեխային պահում են, ես իրանց տղային գտնեմ փոխանակելու համար, դրա համար իմ երեխային վերցրել պահել են, բայց մինչև իրանց վերցնելը մանկատանն ա եղել, բանտում ա եղել», - պատմեց Ասյան:

Նրան չի հաջողվել գտնել ադրբեջանցի գերուն, որի դիմաց պատրաստ էին հետ վերադարձնել իր երեխային։ Անհայտ կորածների ու գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հորդորով ներկա է գտնվել միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսին, բարձրացրել իր հարցն ու թախանձագին խնդրել՝ «ետ բերեք իմ աղջկան»։ Մեկ շաբաթ անց երեխային Հայաստան են վերադարձրել։

«Երեխան հայերեն չէր խոսում, խոսում էր ռուսերեն, թուրքերեն, էդ ընտանիքն իրան ասել էր, որ հայերեն չխոսա, չասի, որ հայ ա, հարևաններին ասել էին, որ բարեկամի երեխա ա», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Տարիներ հետո «Մարտիկ» հիմնադրամն ու ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը գեղարվեստական ֆիլմ են նկարել երկու տարի Ադրբեջանում գերության մեջ անցկացրած փոքրիկ Ալվինայի պատմության հիման վրա՝ «Ընդհատված մանկություն» վերնագրով։

Այժմ Ալվինան Եվրոպայում է ապրում։ Պատերազմի մասին ցանկացած լուր նրան ցավ է պատճառում։ Նրա Հայաստանում գտնվող մայրը պատմում է՝ 2020-ի պատերազմի օրերին միայն խնդրում էր ամեն գնով հանել փոքրերին Արցախից։ «Լավ գիտեր այդ տառապանքը», - արցունքների միջից ասում է Ասյա Ավագյանը։

Ավագյանները 44-օրյա պատերազմի հետևանքով ևս կորցրել են տունը, այգին ու ունեցվածքը, և ապաստան ստացել Լոռու մարզի Դեբետ գյուղում, որտեղ նրանց նորակառույց կացարան է հատկացրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։ Մատաղիսից իրենց հետ ոչինչ բերել չեն կարողացել։