Շիրակցի մի խումբ ֆերմերներ կառավարության պարարտանյութի սուբսիդավորման այս տարվա ծրագրում ռիսկեր են տեսնում, այդ թվում՝ գնի ու հողատարածքի սահմանափակումներին առնչվող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը մտադիր է 6 մլրդ դրամ հատկացնել պարարտանյութի սուբսիդավորման համարԿառավարությունը սուբսիդավորում է գրեթե եռակի թանկացած ազոտական պարարտանյութի 50 տոկոսը՝ 9000 դրամի չափով։ Գործադիրը հաշվարկել է, որ Շիրակի մարզը 5000 տոննա պարարտանյութի պահանջարկ ունի։ Մեկ հեկտարի համար կտրամադրվի վեց պարկ, այսինքն 300 կգ պարարտանյութ, բայց սահմանափակում կա՝ սուբսիդավորումը կտարածվի մինչև 3 հեկտար հողատարածքների վրա, դրանից ավելին չի սուբսիդավորվի։
Ֆերմեր Տիգրան Ավագյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է 3 հեկտարի սահմանափակումը դրվել, երբ հաշվարկվել է Շիրակի մարզի պարարտանյութի ողջ պահանջարկը։ Ավագյանի կարծիքով՝ եթե բաշխումը այդ սկզբունքով իրականացվի, դա կստիպի մի քանի տասնյակ հեկտար հող մշակողին հանցագործության գնալ։
«Եթե մարդիկ հիմա դիմեն 3 հեկտարով և այլն, այդտեղ շատ վտանգավոր հարցեր կան, մարդկանց գերակշիռ մասին միտումնավոր դրդում են քրեական դաշտ: Այսինքն՝ մարդը պետք է գնա իր հարևանին ասի՝ «եթե դու չես վերցնում, բեր քո անունով ես վերցնեմ», էն մյուս մարդը վարձակալությամբ է հողերը չի էլ բերի ներկայացնի, որ վարձակալությամբ էդ մարդն է ցանում, էդ վարձակալի անունով կվերցվի: Որ հանկարծ հարևանը գնա դիմում գրի, կա՛մ համայնքի ղեկավարը, կա՛մ մարզպետարանից մեկը թե՛ էդ մարդուն, թե՛ տվողին, թե՛ առնողին Քրեական օրենսգրքով պատասխանատվության կենթարկեն: Այսինքն՝ մարդուն զոռով դրդում են հանցագործության», - ասաց Ավագյանը:
Գործադիրը մեկ՝ 50 կգ ազոտական պարարտանյութի պարկի գինը 18 000 դրամ է հաշվարկել, սահմանել է նաև 14 մատակարարների ցանկը, որոնց հետ կարող է պայմանագիր կնքել համայնքի ղեկավարը։ Ֆերմերները, սակայն, պարզել են, որ մատակարարները ավելի բարձր գին են առաջարկում։ Գները ճշտելու համար լրագրողների ներկայությամբ հերթով զանգեցին մատակարարներին։ Մեկ այլ ընկերություն վրացական պարարտանյութն ավելի բարձր գնով առաջարկեց:
Գուրգեն Բեռնեցյանը համայնքի պահուստային ֆոնդի 12 հեկտար հողն է վարձակալությամբ մշակում։ 120 պարկ պարարտանյութի պահանջակ ունի: Գումարում է թանկացած պարարտանյութի, սերմացուի, դիզվառելիք գներն ու տարակուսում՝ արժե՞ արդյոք հող մշակել. «Անցյալ տարի գարին առնում էինք 130-140 դրամ սերմացու, հիմա 300 դրամ է սերմացուն, պլյուս սալյարկեն, պլյուս պարարտանյութը, ցանեմ ի՞նչ անեմ, 300 հազար ծախսեմ, որ 180 հազար եկամո՞ւտ ստանամ, անունն ի՞նչ դնեմ»:
Արամ Հակոբյանն էլ 20 հեկտար է մշակում: Նա ևս մտահոգ է՝ եթե այս թանկ գներով հողը մշակի, ապա աշնանն ինչպե՞ս են իրացնելու ու ի՞նչ գնով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիրակի մարզի մի շարք գյուղերում հնարավոր է հողերը անմշակ մնան՝ պարարտանյութի գնաճի պատճառով«Տնտեսության հարցն է, մեր ժողովրդի հարցն է: Լավ, մենք կարանք 20 հազար դրամով, ինչ գին որ եղավ շուկայում պարարտանյութի, ֆերմերը առնի մշակի, վաղը իրացման խնդիր կա, թոշակառու մարդը, մեր քաղաքացին կարա՞ 1000 դրամով կարտոշկա առնի, օգտագործի», - նշեց Հակոբյանը:
Բողոքող ֆերմերներին Շիրակի մարզպետարանից պատասխանել են, որ այս հարցերի հասցեատերն իրենք չեն, էկոնոմիկայի նախարարություն է։ Գերատեսչությունից դեռ չեն արձագանքել ֆերմերներին։ Այդուհանդերձ, թեև իշխանությունները արդեն հայտարարել են, որ ռուս – ուկրաինական պատերազմի, աննախադեպ խիստ արևմտյան պատժամիջոցների ու տնտեսական համատարած անորոշության ֆոնին Հայաստանի տնտեսությունը ևս մեծապես անկում կապրի, բայց տնտեսության ճյուղերից միայն գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են, որ որոշակի աճ կունենան։