Ալիևը պնդում է, թե 44-օրյայի ժամանակ «չեն պատերազմել քաղաքացիական անձանց դեմ»

Արցախ - Հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտի ծննդատանը, հոկտեմբեր, 2020թ․

«Երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, միջազգային հարթակներում՝ թե՛ սպորտային, թե՛ քաղաքական, մենք ներկայացված էինք որպես պարտություն կրած երկիր։ Սա խոստովանելը և՛ դժվար է, և՛ հեշտ։ Այսինքն, մենք պետք է իմանանք և ասենք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա», - ադրբեջանցի մարզիկների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Անդրադառնալով «Ադրբեջանը հաղթող երկիր դարձրած» 44-օրյա պատերազմին, Ալիևը պնդել է, թե «պատերազմում կռվել են արժանապատվորեն՝ պահպանելով պատերազմի բոլոր օրենքները»։

«Մենք չենք պատերազմել քաղաքացիական անձանց դեմ, չենք ռմբակոծել շենքերը, մենք դաժանություն չենք ցուցաբերել», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի օդային հարվածի հետևանքով Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում, Մարտակերտում և մի շարք այլ բնակավայրերում վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, եկեղեցիներ, զոհվել է 77 խաղաղ բնակիչ։

«Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից կա՛մ գերեվարվելիս, կա՛մ տեղափոխման ժամանակ, կա՛մ տարբեր կալանավայրերում կալանքի ընթացքում», - փաստել է մասնավորապես Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։