Ադրբեջանական իշխանությունները Շուշիում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի կառույցների պաշտոնական ներկայացուցիչները։
«ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի ազատագրված Շուշայում»,- Twitter-ում գրել է Հաջիևը։
Ավելի քան մեկ տարի է հայկական կողմն ահազանգում է ՄԱԿ-ին կից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ Խոսքը այդ թվում Շուշիում գտնվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին է, որը նախ պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծության ենթարկվեց, ապա վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ փոխվեց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, հանվեցին հայկական եկեղեցու գմբեթները:
Առայսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները տարածաշրջան չեն այցելել։