Հարավային Օսիայից Ուկրաինա տեղափոխված ռուսական զորախումբը կորուստ է տվել

Ամերիկյան FOX News-ը նախօրեին հայտնել է, որ Կիևի մոտ զոհվել են FOX News-ի օպերատոր Պիեռ Զակրժևսկին և ուկրաինացի լրագրող Օլեքսանդրա Կուվշինովան, վերջինս որպես խորհրդատու ուղեկցում էր օտարերկրյա լրագրողերին։ FOX News-ի մեկ այլ լրագրող Բենջամին Հոլը վիրավորվել է, նրան հիվանդանոցում վիրահատել են։ Լրագրողների խմբի ավտոմեքենան հրետակոծության տակ էր ընկել ենթադրաբար ռուսական ուժերի կողմից։

Այս միջադեպից մեկ օր առաջ Կիևի շրջանի Իրպեն քաղաքում ռուսաստանցի զինվորականների կրակից զոհվել էր ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն, իսկ նրա օպերատորը վիրավորվել:

Այսօրվա և անցած գիշերվա ընթացքում մարտական գործողությունների մասին ուկրաինական կողմը հայտնում է, որ առավոտյան Կիևում կրկին պայթյուններ են որոտացել, ռուսական ուժերը հարվածել են նաև երկրի կենտրոնում գտնվող Վինիցա քաղաքի հեռուստաաշտարակին։ Սա առաջին անգամը չէ, երբ թիրախավորվում են հեռուստաշտարակները, մասնավորպես, մարտի 1-ին ռմբակոծվել էր Կիևի հեռուստաաշտարակը։

Ռուսական ուժերը փորձել են առաջ շարժվել Հարավուկրաինական ատոմակայանի ուղղությամբ



Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնում է, որ առաջին անգամ հրթիռակոծվել են Զապորոժիեի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Զոհեր չկան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զապորոժիեի երկաթուղային կայարանի մոտ պայթյուն է որոտացել։ Մարտական գործողությունների թեժ կետերից խաղաղ բնակիչների մի մասը հենց Զապորոժիե է տարահանվում։


Մարտական գործողությունների մասին նաև հաղորդվում է, որ ռուսական ռազմանավից կրակ է բացվել Օդեսայի մոտ ափամերձ տարածքների վրա։

Ուկրաինական «Էներգոատոմը» հայտնում է, որ ռուսական ուժերը փորձել են առաջ շարժվել Հարավուկրաինական ատոմակայանի ուղղությամբ, որը երեք ռեակտոր ունի, բայց ուկրաինական ուժերը Վոզնեսենսկի մոտ երկու կամուրջ պայթեցնելով կարողացել են կանգնեցնել նրանց։ Այս մասին ասել է «Էներգոատոմի» ղեկավարի պաշտոնակատար Պետր Կոտինը։

Հարավուկրաինական ատոմակայանը գտնում է Նիկոլաևի մարզում, Վեզնեսեսկ քաղաքից 36 կիլոմետր հյուսիս։ Մինչ հիմա ռուսկան ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի չգործող ատոմակայանը և Զապորոժիեի ատոմակայանը, որն իր վեց ռեակտորներով Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։

Պատերազմական ընդհանուր պատկերի մասին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն ռազմաճակատում էական փոփոխություններ չկան։ Ըստ գլխավոր շտաբիի՝ Ուկրաինա ներխուժելու համար սկզբնական շրջանում կենտրոնացված ռուսական ուժերի 40 տոկոսը ոչնչացված է, կամ կորցրել է մարտունակությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտնել է, որ երեկվա մարտական գործողությունների ժամանակ ռուսական բանակի ևս մեկ գեներալ է սպանվել։

Նա անուն չի տվել, բայց ըստ մամուլի ու Տելագրամ ալիքների՝ նա գեներալ-մայոր Օլեգ Միտյաևն է։ Նախկինում նա Տաջիկստանում տեղակայցած ռուսական ռազմակայանի հրամանատարն էր, իսկ հետո նշանակվել էր Սիրիայում ռուսական զորախմբի փոխհրամանատար։

Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Ուկրաինայում ռուսական բանակի չորս գեներալ է զոհվել

Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ մինչ հիմա Ուկրաինայում ռուսական բանակի չորս գեներալ է զոհվել։

Մարտական գործողություններին այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ նա ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը հաջողությամբ է ընթանում, նախապես հաստատված պլանի համաձայն։ «Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների մարտավարությանը, որը մշակել են պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը, ապա այն լիովին արդարացրել է իրեն»,- ասել է Պուտինը՝ պնդելով, որ ռուսական բանակի զինվորներն ու սպաները իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն ուկրաինական քաղաքների խաղաղ բնակչության շրջանում զոհերից։

Սակայն լրատվամիջոցների էջն ու սոցցանցերը լի են ռուսական ուժերի կողմից հրետակոծված ուկրաինական ավերված քաղաքների տեսանյութերով ու լուսանկարներով։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ևս Ուկրաինայի իրավիճակի մասին պարբերաբար վերլուծություններ է հրապարակում և ըստ այսօրվա հրապարակման՝ ռուսական ուժերը դեռևս չեն կարողանում հաղթահարել դժվարությունները Ուկրաինայի տարածքում խորանալու համար։

Այսօր առավոտյան ուկրաինական և ռուսական կողմերը հերթական, ամենօրյա տեղեկատվություն են հաղորդել ընթացիկ պատերազմական գործողությունների և հակառակորդի կորուստների մասին։ Ըստ կողմերի տվյալների՝ պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել են հակառակորդի հարյուրավոր տանկեր, զրահամեքենաներ, զենիթա-հրթիռային համակարգեր, ռազմական օդանավեր ու ուղղաթիռներ, ռազմական այլ տեխնիկա և ենթակառուցվածքներ։


Անկախ աղբյուրներից այդ տվյալների հավաստիությունը հնարավոր չէ ճշտել։

Իրենց սեփական կորուստների մասին կողմերը չեն հաղորդում կամ դա տեղի է ունենում հազվադեպ, երբ այլևս հնարավոր չէ հերքել։ Մասնավորապես, սոցցանցերում լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակվել, որոնք ցույց են տալիս Հարավային Օսիայից ռուսական զորքերի ու ռազմական տեխնիկայի տեղաշարժ դեպի Ռուսաստան։ Հարավային Օսիայի նախկին ղեկավար Էդուարդ Կոկոյտան հաստատել է, որ ռազմական ստորաբաժանումը Ցխինվալիից մեկնել է Ուկրաինա։

Այսօր Հարավային Օսիայի իշխանությունները հայտնեցին, որ Ուկրաինայում զոհվել է Ցխինվալիի բնակիչ, ռուսական բանակի զինծառայող, սերժանտ, 35-ամյա Անդրեյ Բակաևը, նրան հետմահու պարգևատրել են «Արիության համար» մեդալով։