Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն «աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ»

Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 17-ին տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Բեթհովեն-Ռախմանինով» խորագրով համերգը, որի մենակատարն է անգլիացի անվանի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, համերգի առաջին բաժնում կհնչի Բեթհովենի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում՝ Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան։

Նրա խոսքով, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նվագախումբը մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, նորանոր համերգային ծրագրեր նախապատրաստում, բոլորովին վերջերս են վերադարձել հյուրախաղերից, որոնք վերջին տարիներին ընդհատվել էին համավարակի պատճառով. - «Նվագախումբը գտնվում է Օմանում, Օմանի սուլթանության թագավորական օպերային թատրոնի հրավերով այնտեղ հանդես եկանք «Դոնիցետտիի գլուխգործոցները» խորագրով ծրագրով, որտեղ հնչում էին Դոնիցետտիի հայտնի օպերաների նախերգանքներ, արիաներ, դուետներ, նաև մենակատարներ էին հրավիրված։ Համերգը անցավ շատ-շատ լավ, և մեծ հույս ունենք, որ կունենանք նոր համագործակցություններ։ Շատ հետաքրքիր է նվագախմբի կատարողական արվեստը ներկայացնել նաև արաբական երկրներում, որտեղ կան հիանալի ակուստիկ պայմաններ, հիանալի օպերային թատրոն, հիանալի տեխնիկական վերազինում»։

Անդրադառնալով նվագախմբի առաջիկա ծրագրերին՝ Բալբաբյանն ասաց. - «Առաջիկայում կշարունակվեն մեր նվագախմվի համերգներն ամենատարբեր երկացանկերով, ունենք շատ հետաքրքիր համերգներ։ Նաև սիմֆոնիկ սերիաներն ենք շարունակելու՝ ներգրավելու մեր երիտասարդ ունկնդրին։ Նվագախումբը ապրիլի 20-ին հանդես կգա մի շատ հետաքրքիր համերգով, որը կկոչվի «Կենդանիների դիմակահանդես», կներկայացվի Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»՝ ամերիկացի դիրիժոր Էլիաս Բրաունի ղեկավարությամբ։ Նվագախումբը ապրիլի 14-ին հանդես կգա թավջութակահար Վահրամ Սարաջյանին նվիրված հիշատակ-համերգով, որտեղ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը»։

Նա հավելեց, որ ունեն հյուրախաղեր Արաբական Էմիրություններում, Եվրոպայում։

Մինչ այդ էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-ից հրավիրում է իր արդեն ավանդական դարձած «Հայ կոմպոզիտորական արվեստի» 13-րդ փառատոնին, որն առաջին անգամ կանցկացվի Կոմպոզիտորների միության հետ համատեղ։

Անցյալ տարվանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կառավարության որոշմամբ հանձնվեց Սիրահարների այգում գործող արդեն նախկին Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը։ Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ վիճակում է այդ գործընթացը, արդյո՞ք արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները, Սարգիս Բալբանյանն ասաց․ - «Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրվեց շենք, փորձասենյակ, որտեղ որ մենք մեր բնականոն գործունեությունը պետք է ծավալենք։ Շենքը արդեն գտնվում է մեր ՊՈԱԿ-ի բալանսում։ Եվ հիմա իրականանում է նախագծա-նախահաշվային և բոլոր հաշվարկային-փաստաթղթային հարցերը, որպեսզի մենք սկսենք վերանորոգումը և տարածքի համապատասխանությունը փորձասենյակին»։