Ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը

Նարգիլեները, սեղանների մոխրամաններն արդեն հավաքված են, առավոտից երևանյան այս ռեստորանը արդեն այլ կերպ է աշխատում։ Այսօր ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը։

«Մենք ծխողների սրահում ենք, որտեղ նարգիլե էին օգտագործում։ Ինքներդ եք տեսնում մի հոգի չկա։ Առավոտից ռեստորանը բաց է, բայց մի հոգի չի մտել այս տարածք։ Անկում է լինելու, բնականաբար՝ շատ մեծ։ Բնականաբար, լինելու են դրա հետևանքները շատ մեծ, լինելու են կրճատումներ։ Օրինակ, մեզ մոտ մենք արդեն նախապատրաստվել ենք այդ ամեն ինչին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռեստորանային ցանցի տնօրեն Սուրեն Աբգարյանը։

Այս ռեստորանը վեց սրահ ունի, երեքը նախկինում ծխողների համար էր նախատեսված, մյուս երեքը՝ չծխողների։ Աբգարյանը կողմ է փակ տարածքներում ծխելու արգելքին, սակայն կարծում է, որ պետք է հնարավորություն տրվեր, որպեսզի ռեստորանի որոշ հատված հարմարեցվեր, օրինակ, նարգիլե ծխողների համար. - «Եթե սիգարետ հնարավոր ա փողոցում քայլելով ծխել, կալյանի սիրահարներն ի՞նչ պիտի անեն... կալյանը ձեռքը փողոցում քայլելով ծխի՞...»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ուժի մեջ են մտել հակածխախոտային կարգավորումներ

Օրենքը խախտելու, հանրային սննդի վայրում ծխելու դեպքում քաղաքացին կտուգանվի 50 հազար դրամով, իսկ տնտեսվարողը՝ 150-200 հազար դրամով։ Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, եթե տնտեսվարողը ծխելն արգելող ցուցանակ է փակցրել տեսանելի վայրում, եթե մոխրամանները հավաքվել է և այնուամենայնիվ օրենքը խախտող քաղաքացուն տեղեկացրել է, որ արգելվում է ծխելը ու դիմում է ոստիկանություն, ապա չի տուգանվի։

«Փակցրել ենք տեսանելի վայրում, որ էստեղ չի կարելի ծխել, մոխրաման չենք տրամադրում, պայման չենք ստեղծում ծխելու համար։ Բայց եթե որևիցե մեկը իր գրպանից հանում է էլեկտրոնային սարքը և սկսում է օգտագործել, դրա համար ես չպետք է տուգանվեմ, ես չունեմ այդքան ռեսուրս, որ ամեն սեղանի կողքին, ամեն սրահում, որպեսզի ամեն ինչը վերահսկվի», - ասում է Աբգարյանը։

Մայրաքաղաքաի կենտրոնում գործող մեկ այլ ռեստորան տարիներ առաջ բացվելու առաջին իսկ օրից ներսում ծխելը արգելել էր, ունի, սակայն, բացօթյա տարածք, որտեղ ևս այսօրվանից արգելքը գործում է։ Ռեստորանի գլխավոր մենեջերը բացօթյա տարածքում արգելքը տրամաբանական չի համարում. - «Եթե այստեղ չի կարելի, ինչո՞ւ կես մետր հեռու կարելի է ծխել։ Բոլորը հավաքվեն մի տեղ, ծխեն, դա ավելի օգտակա՞ր ա կամ անօգտակա՞ր ա... Դա այնքան էլ չեմ համարում տրամաբանական»։

Այնուամենայնիվ, ասում է, տարածքից մի քանի մետր հեռու կստեղծվի հարմարություն՝ ծխողների համար։

Այս նոր օրենքի կիրառումը Հայաստանի համար հանրային առողջապահության տեսանկյունից մեծ ձեռքբերում է համարում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. - «Այն նպաստելու է, որ մենք ավելի առողջ ապրելակերպ վարենք, նպաստելու է, որ մեր երիտասարդ սերունդները չունենան վատ սովորություններ, որ ազդում են առողջության վրա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ շաբաթից կարգելվի ծխախոտի կամ դրա փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա

Սրճարանների հաճախորդներից ոմանք կողմ էին այս նոր օրենքին, ոմանք ընդգծում էին՝ Հայաստանում օրենքները ընդունում են, սակայն վերահսկող չկա, ոմանք էլ կարծիք էին հայտնում, որ պետք է ստեղծվեն հատուկ վայրեր ու պայմաններ, որտեղ կարելի է ծխել։

«Շատ կարևոր առաջընթաց է մեր հանրային առողջապահության ոլորտում»։

«Օրենքը լիքը բաց կետերով ա մշակած, տենց չի աշխատի։ Բայց սրճարանների մեծ մասը մայթերի վրա են, որոնք հանրային տարածք են, այսինքն՝ փաստացի ես մայթի վրա որ ծխում եմ, նստած չեմ կաֆեում, բայց ծուխը մեկ ա էլի տարածվում ա կաֆեում նստածների մոտ»։

«Այստեղ չպետք է լինի այն մոտեցումը, որ պարզապես՝ ոչ, չի կարելի, այլ հնարավորություն տալ, որ հաստատություններն իրենք որոշում կայացնեն»։

Մասնագետների գնահատմամբ, ծխելը Հայաստանում լրջագույն խնդիր է։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում 18-69 տարեկանների ավելի քան 28 տոկոսը ներկայումս օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ։ Համեմատության համար, եվրոպական զարգացած երկրներում այս ցուցանիշը զգալի կամ՝ առնվազն կիսով չափ քիչ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանյան վաճառակետերի ծխախոտի դարակները փակ են. ուժի մեջ են մտել հակածխախոտային կարգավորումները

Ըստ վերջերս հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի, ծխելու պատճառով առաջացած հիվանդությունները բուժելու համար բյուջեից ամեն տարի ավելի քան 270 մլրդ դրամ է հատկացվում, սա Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսն է։ Այդ հիվանդությունների հետևանքով Հայաստանում տարեկան մոտ 5500 մարդ է մահանում։