Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները մասնակցել են TF1-ի հաղորդմանը

Մարի Լը Պենը և Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությունը նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներին հրավիրել էր մասնակցելու «Ֆրանսիան պատերազմի առջև» հաղորդմանը։

Գործող նախագահ Էմանյուել Մակրոնը պաշտպանել է Ռուսաստանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները, ասելով, թե «ձգտում են վերջ տալ պատերազմին, առանց մտնելու հակամարտության մեջ»։

Ծայրահեղ աջերի թեկնածու Մարի Լը Պենը դատապարտել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, միաժամանակ նշելով, որ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնում նաև Ֆրանսիայի վրա։

Ծայրահեղ ձախերի թեկնածու Ժան Լյուկ Մելենշոնը պաշտպանել է պատժամիջոցները, նշելով հանդերձ, որ ֆրանսիացիներին հանգստացնելու համար անհրաժեշտ է սառեցնել ապրանքների գները։

Չնայած բանավեճին, երկուշաբթի հեռարձակված հաղորդումը նախընտրական դեբատ չի համարվում։ Էմանյուել Մակրոնը մինչ նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ ապրիլի 10-ը, հրաժարվել է մասնակցել դեբատներին։