Ուկրաինայում զոհվել է ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն

Լրագրող Բրենթ Ռենոյի վկայականը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Իրպեն ավանում զոհվել է մարտական գործողությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն: Նրա գործընկերներից մեկը վիրավորվել և վիրահատվել է ուկրաինական հիվանդանոցում:

Ուկրաինական կողմը պնդում է, որ լրագրողներին փոխադրող մեքենայի վրա ռուսներն են կրակ բացել:

Զոհված լրագրողի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նա 50 տարեկան է, կինովավերագրող է, այդ փաստաթղթերի մեջ կա նաև The New York Times պարբերականի վկայականը: Դա թույլ էր տվել ենթադրել, որ Ռենոն այդ պարբերականի թղթակիցն է, սակայն The New York Times-ը ժամեր անց ցավակցություն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ և միաժամանակ ընդգծել, որ Բրենթ Ռենոն հիմա չի հանդիսանում պարբերականի աշխատակից, թեպետ նախկինում համագործակցել է դրա հետ:

«Ռենոն տաղանդավոր լուսանկարիչ էր և ռեժիսոր, ով ժամանակին շատ տարիներ համագործակցել է մեր պարբերականի հետ, բայց Ուկրաինայում նա հավատարմագրված չէր մեր կողմից», - ասել է The New York Times-ի գլխավոր խմբագրի տեղակալ Քլիֆ Լևին:

«Լրագրողի մասնագիտությունը ռիսկ է ենթադրում, ամերիիկացի Բրենթ Ռենոն իր կյանքով վճարեց ագրեսորի նենգության, դաժանության և անգթության մասին պատմելու փորձի համար», - ասել է Կիևի շրջանի ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նեբիտովը: