Իրանի հետ առևտուրը երաշխավորելու Մոսկվայի պահանջները «վտանգում են գրեթե պատրաստի միջուկային գործարքի կնքումը»

Միջուկային բանակցությունները Վիեննայում

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան պնդում են ՝ Իրանի հետ առևտուրը երաշխավորելու Մոսկվայի պահանջները վտանգում են գրեթե պատրաստի միջուկային գործարքի կնքումը:

«Դա վտանգում է գործարքը` Իրանի ժողովրդին զրկելով պատժամիջոցների չեղարկման հնարավորությունից, իսկ միջազգային հանրությանը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքներից», - ասվում է բանակցային գործընթացի մասնակից երեք երկրների համատեղ հայտարարությունում։

Սա հաջորդում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի հայտարարությանը՝ առաջարկելով դադար տալ Վիեննայում միջուկային բանակցություններին՝ «արտաքին գործոնների» պատճառով: Բրյուսելից չեն հստակեցրել, թե որոնք են այդ արտաքին «արտաքին գործոնները»։

Անցած շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ից «առնվազն պետքարտուղարի մակարդակով երաշխիքներ» է պահանջել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեն ազդի Թեհրանի հետ Մոսկվայի հարաբերությունների վրա:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015 թվականի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։ Արևմուտքը հույս ունի փաստաթղթի շնորհիվ հասնել Իրանի միջուկային նկրտումների զգալի կրճատման՝ Իրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցների չեղարկման դիմաց։