Cotton Campaign-ը չեղարկում է ուզբեկական բամբակի համաշխարհային բոյկոտը

Cotton Campaign միջազգային կոալիցիան հայտարարել է ուզբեկական բամբակի համաշխարհային բոյկոտը չեղարկելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը։ Սահմանափակումները մտցվել են 2010 թվականին՝ բամբակի դաշտերում երեխաների շահագործման և հարկադիր աշխատանքի պատճառով։

Կազմակերպությունը նշում է` նման որոշում է կայացրել` հաշվի առնելով փորձագետների զեկույցը, ըստ որի 2021 թվականի բամբակի բերքահավաքի ընթացքում «համակարգային» հարկադիր աշխատանք չի եղել: Բոյկոտի չեղարկումը այսուհետ թույլ կտա աշխարհի առաջատար ապրանքանիշերին օգտագործել ուզբեկական բամբակը իրենց ապրանքների արտադրության մեջ։

Cotton Campaign միջազգային կոալիցիայի ղեկավար Բենեթ Ֆրիմանի խոսքերով` Ուզբեկստանը զգալի առաջընթաց է գրանցել բամբակի բերքահավաքում հարկադիր աշխատանքը վերացնելու հարցում, և «արդյունաբերության մեջ երկարամյա խնդիրները լուծված են»: 2009 թվականին Ուզբեկստանի դաշտերում երեխաների շահագործման և հարկադիր աշխատանքի կիրառման պատճառով Cotton Campaign-ը միջազգային հանրությանը կոչ էր արել բոյկոտել ուզբեկական բամբակը: Հարյուրավոր ապրանքանիշեր, այդ թվում՝ Adidas-ը, Zara-ն, C&A-ն, Gap Inc.-ը, H&M-ը, հետևել են Cotton Campaign-ի այդ կոչին։

Ուզբեկստանում խորհրդային ժամանակներից գործում էր բամբակի բերքահավաքի քաղաքացիների զանգվածային մոբիլիզացիայի պրակտիկա․ դաշտեր էին ուղարկվում պետական ծառայողներ, զինվորականներ, ուսանողներ, դպրոցականներ։ Նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնը ստանձնելուց հետո օրենք է ստորագրել, որն արգելում է երկրում հարկադիր աշխատանքը։

Բամբակն Ուզբեկստանի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսն է, որը տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովում։