Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ, տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը՝ չհստակեցնելով, թե ում հետ են նախատեսված այդ հանդիպումները։

Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը՝ նշելով. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:

Ֆորումն այս տարի անցկացվելու է մարտի 11-ից 13-ը։ Ըստ պաշտոնական կայքի, ֆորումին ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Պաշտոնական կայքում մասնակիցների շարքում նաև նշվում է հայաստանցի վերլուծաբան, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի անունը։ Ֆորումում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային հարցեր։