Մեկ շաբաթից կարգելվի ծխախոտի կամ դրա փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա

Ընդամենը մեկ շաբաթից՝ մարտի 15-ից կարգելվի ծխախոտի կամ դրա փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա ռեստորաններում, սրճարաններում, բարերում ու ճաշարաններում։

Մինչ այդ՝ այսօր, Առողջապահության նախարարությունը ևս մեկ լրացում առաջարկեց՝ հստակեցնելով ծխախոտային փոխարինիչների մեջ կիրառվող նյութի տեսակները։ Փոփոխությունն արտահերթ կարգով խորհրդարան էր բերել փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Մեկ բառ է, որը ավելանում է ծխախոտային արտադրատեսակներին սահմանման մեջ՝ «լուծույթ» բառից հետո լրացնում ենք «նյութ» բառը։ Ընդամենը այս մեկ բառով փորձում ենք լուծել այն ծխախոտային արտադրատեսակների բացը, որոնք էլեկտրոնային են, սակայն աշխատում են ոչ թե լուծույթի, այլ պինդ նյութի միջոցով, որը պարունակում է նիկոտին», - նշեց փոխնախարարը։

Ավելի վաղ՝ այս տարեսկզբին էլ ուժի մեջ էր մտել նույն՝ Հակածխախոտային օրենքի մեկ այլ դրույթ, որով խանութներում ու այլ վայրերում արգելվում է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը։

Առողջապահության փոխնախարար Նանուշյանի խոսքով՝ փոփոխությունն արդեն իսկ արդյունավետ է գործում: Պաշտոնյան վստահ է՝ մարտի 15-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումների կիրառումը ևս կկարողանան ապահովել։

«Դուք էլ արդեն երևի նկատել եք՝ խանութներում ամբողջությամբ կիրառվում է: Եվ օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից ու իրազեկվածության աստիճանից: Դրա ուղղությամբ, իհարկե, մենք նույնպես աշխատանքներ ենք տանում», - ընդգծեց Լենա Նանուշյանը:

Ըստ ՄԱԿ-ի, Առողջապահության նախարարության ու միջազգային մի շարք կազմակերպությունների համատեղ զեկույցի, ծխելու պատճառով ի հայտ եկած հիվանդությունները բուժելու համար բյուջեից ամեն տարի ավելի քան 270 մլրդ դրամ է հատկացվում, սա Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսն է։ Այդ հիվանդությունների հետևանքով Հայաստանում տարեկան մոտ 5500 մարդ է մահանում։

Մասնագետները պնդում են՝ ծխամոլությունը Հայաստանում լրջագույն խնդիր է

Ոչ միայն կառավարությունը, այլև անկախ մասնագետներն են պնդում՝ ծխամոլությունը Հայաստանում լրջագույն խնդիր է։ Դրա դեմն առնել է պետք նաև այլ տարբերակներով, ասում է Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Մասնագետն անհրաժեշտ է համարում նաև ծխախոտի գնի բարձրացումը։

«Ծխախոտի արտադրանքի գները մնում են տարածաշրջանում ամենացածրը, ուստի այս օրենքի ամբողջությամբ ուժի մեջ մտնելուն զուգահեռ նաև կառավարությունը պետք է լրջորեն մտածի ծխախոտի գների բարձրացման ուղղությամբ, որովհետև ծխելու հետևանքով առաջացած թե՛ մարդկային կորուստները, թե՛ տնտեսական կորուստները բազմակի անգամ գերազանցում են այն ենթադրյալ իրավիճակային, կարճաժամկետ ծխախոտի արտադրանքի հարկման ու որոշ քանակությամբ աշխատաշուկայում ներգրավվածությունից ստացած օգնությունը», - ասաց մասնագետը:

Մեր այցելած ռեստորաններում ու սրճարաններում քիչ թե շատ ընդունելի են համարում փակ տարածքում ծխելու սահմանափակումը, բայց ասում են՝ անտրամաբանական է բացօթյա տարածքում ծխելու արգելքը։

«Բնականաբար, ես գնահատում եմ պետության քայլը, որ մտածում են մեր առողջության մասին, բայց իհարկե ներսում մեզ մոտ չի թույլատրվում ծխել, բայց դրսում մարդիկ գալիս են, առավոտյան սուրճ են ուզում կամ երեկոյան ալկոհոլի հետ նախընտրում են ծխել: Դրսում ծխել չթույլատրելու իմաստ այդքան էլ չեմ գտնում»,- ասաց ​երևանյան սրճարաններից մեկի մենեջեր Ռոմելլա Խանոյանը:

Նա կարծում է, որ նույն պատվաստման QR կոդերի նման է լինելու իրավիճակը, երբ սկզբում էր միայն խիստ վերահսկողություն. «Կենտրոնում խիստ է, չի թույլատրվում էս մի բանը, մի քիչ կենտրոնից դուրս էլ խիտ լինի, չթույլատրվի, որպեսզի հավասար գնա, ու մարդիկ հասկանան, որ կապ չունի ուր են գնում պետք է QR, կապ չունի որտեղ են գնում, պետք է չծխել»:

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, մինչդեռ, տրամաբանական ու անհրաժեշտ է համարում նաև ծխելու արգելանքը բացօթյա տարածքներում։ Հիմնավորում է՝ առողջապահական գրագիտության խնդիր կա։

«Այն երկրները, որտեղ թույլատրված է բաց տարածքներում օգտագործել, արդեն իսկ ունեն հակածխախոտային ձևավորված կոնսենսուս և մշակույթ, իսկ Հայաստանը, որտեղ այդ մշակույթը չկա և ըստ էության մարդիկ պայքարում են, ցավոք սրտի, իրենց հիվանդանալու իրավունքի համար, էս փուլում այդ գործիքն ունենալ կարևոր է: Միգուցե մի քանի տարի հետո, երբ մենք էլ փոխենք հասարակության մեջ վերաբերմունքը ծխելու և այլ վտանգավոր ռիսկի գործոնների հանդեպ, կարելի է մտածել դա, բայց այս փուլում կարևոր է», - նշեց Մելիք-Նուբարյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 18-ից 69 տարեկանների ավելի քան 28 տոկոսը ներկայում օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ, համեմատության համար, եվրոպական զարգացած երկրներում այս ցուցանիշը զգալի կամ՝ առնվազն կիսով չափ քիչ է։