Էրդողանը հուսով է՝ Լավրովը և Կուլեբան կկարողանան «հրադադար հաստատել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան Անթալիայում միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում նախատեսված հանդիպման ընթացքում կպայմանավորվեն հրադադար հաստատելու շուրջ: Այդ մասին հայտնել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան լուրջ ջանքեր է ներդնում Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար: Թուրքիան հուսով է, որ կհաջողվի երկարատև հրադադար հաստատել: Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում և բաց է պահում երկխոսության խողովակները Մոսկվայի և Կիևի համար»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը քննադատել և անբավարար է որակել միջազգային հանրության արձագանքը ռուս-ուկրաինական առճակատմանը:

«Միջազգային կառույցներն, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բավարարվել են հայտարարություններով, դա պարզապես ամոթ է»,- ասել է Էրդողանը:

Նրա համոզմամբ՝ «միջազգային կազմակերպությունները հաճախ են անտարբեր մնում մի շարք երկրներում տեղի ունեցող կարևոր զարգացումների նկատմամբ»:

Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան վաղն են հանդիպելու Անթալիայում: Հանդիպմանը կմասնակցի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)