Ուկրաինայում պատերազմի 14-րդ օրն է։ Կիևից առավոտյան տեղեկություններ էին ստացվում մայրաքաղաքում ուժեղ պայթյունների մասին։ Ուկրաինական ալիքները հաղորդում են, որ Կիևում, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում, ինչպես նաև Կիևի մոտակայքում գտնվող Վասիլկով քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևում պայթյուններ հնչելուց անմիջապես հետո հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայի ժամանակով առավոտյան ժամը 9-ից պահպանել լռության ռեժիմ։ Սա նշանակում է, որ մարդասիրական միջանցքները կշարունակեն աշխատել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։
Ուկրաինայի իշխանություններին նախօրեին հաջողվել է Սումիից տարհանել 5 հազար մարդու՝ դա առաջին հաջող զանգվածային տարհանումն էր։ Սումին շրջապատված է ռուսական զորքերով։ Բնակիչները տարհանվել են մարդասիրական միջանցքով, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին անցած շաբաթ։ Ավտոբուսները սկսել էին մեկնել Պոլտավա երեկ առավոտից։
1100 օտարերկրացի ուսանողի Սումիից առանձին գնացքով տարհանել են Լվով։
Ի լրումն Սումիում ռմբակոծությունների հետևանքով 22 զոհվածների մասին հաղորդագրությունների, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի առավոտյան ավելացրել է հաղորդում նախորդ օրը այլ վայրերում զոհված ևս 7 խաղաղ բնակիչների մասին:
ՆԳՆ-ը հայտնում է, որ երեքշաբթի երեկոյան Ժիտոմիրի շրջանի Մալին քաղաքում ավիահարվածի հետևանքով ավերվել է 7 առանձնատուն, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, իսկ Խարկովի մարզի Դինեց գյուղում արկը ընկել է բնակելի շենքի վրա և սպանել 2 մարդու, այդ թվում՝ երեխայի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարդասիրական միջանցքներ, առաջխաղացում դեպի Կիև, ոչ թռիչքային գոտու պահանջ․ ռուս-ուկրաինական պատերազմի 13-րդ օրը