Ամերիկյան հետախուզական կառույցների վերլուծաբանների համոզմամբ՝ ռուսները թերագնահատել են դժվարությունները, որոնց կարող էին հանդիպել Ուկրաինայում:
«Ներխուժումն իրականացվել է ըստ այն ծրագրի, որով, մեր կանխատեսմամբ, նրանք պետք է առաջնորդվեին: Բայց նրանք այնտեղ ուկրաինացիների կողմից հանդիպել են սպասվածից շատ ավելի համառ դիմադրության, ինչի հետևանքով լուրջ խնդիրների առաջ են կանգնել», - ասել է Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպված լսումների ընթացքում:
Նրա փոխանցմամբ՝ ռուսները չեն կարողացել միանգամից գրավել Կիևը, ջախջախիչ հարված հասցնել ուկրաինացիներին և արագ հաղթանակ ապահովել ու դրանով Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին զրկել Ուկրաինային լուրջ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունից:
«Համաձայն մեր գնահատականի, Մոսկվան թերագնահատել է Ուկրաինայի դիմադրողականության աստիճանը և իր ներքին դժվարությունները ռազմական տեսակետից: Դա վատ կազմված ծրագիր է, ակնհայտ են մարտական ոգու, ինչպես նաև լոգիստիկայի հետ կապված խնդիրներ», - ասել է Հեյնսը: