Աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվել են ակցիաներ ի պաշտպանություն կանանց իրավունքների

Ադրբեջանցի ֆեմինիստների քայլերթը Բաքվում

Կանանց միջազգային օրվա առիթով այսօր աշխարհի մի շարք երկրներում հազարավոր կանայք դուրս են եկել փողոց՝ իրենց ձայնը բարձրացնելով ինչպես կանանց իրավունքների և բռնության դեմ պայքարի համար, այնպես էլ դատապարտելով ռուս-ուկրաինական պատերազմը։

Ադրբեջանցի ֆեմինիստները այսօր քայլերթով անցել են Բաքվի կենտրոնով: Ոստիկանության հաղորդմամբ, ցույցը խաղաղ է եղել, ապահովել են անվտանգության բոլոր միջոցառումները: Կանայք բարձրաձայնել են իրենց իրավահավասարության մասին և դատապարտել ընտանեկան բռնությունը։

Իսկ Ճապոնիայում կանայք կոչ են արել վերջ տալ պատերազմներին և խաղաղ ապրել: «Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում կանայք այսօր արտահայտվում են ընդդեմ պատերազմի: Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ևս մեծ խնդիր է կանանց իրավունքների առումով, այդ պատճառով էլ խաղաղության կոչ եմ անում»։

Բեռլինի կանայք ևս ձայն են բարձրացրել ընդդեմ պատերազմի. - «Սա մեր պատերազմը չէ, Պուտինի պատերազմն է»:

Հարյուրավոր կանայք Իսլամաբադում ևս դուրս են եկել փողոց, չնայած իսլամական ծայրահեղական խմբերի սպառնալիքներին: Ցույցի կազմակերպիչների խոսքով, այս կանայք չեն հանձնվում և շարունակում են պայքարել:

Ֆիլիպիններում ևս կանայք ցույցի էին դուրս եկել Մանիլայի փողոցներ՝ այսպես նշելով Կանանց միջազգային օրը: Նրանք քննադատել են նախագահի տնտեսական քաղաքականությունը՝ պահանջելով իջեցնել նավթի գները:

Բոլիվիացի կանայք էլ արդարություն են պահանջել գենդերային հողի վրա սպանության զոհերի համար: Նման սպանությունների թվով Բոլիվիան առաջատարն է Հարավային Ամերիկայում: Միայն 2021 թվականին այստեղ կնասպանության 100 դեպք է արձանագրվել: Դատախազության տվյալներով, անցած տարվա ընթացքում գենդերային հիմքով 46 հազար հանցագործություն է քննվել, ընտանեկան բռնության ավելի քան 37 հազար դեպք գրանցվել:

Ինդոնեզիայում մի խումբ կանայք Ջակարտայի կենտրոն էին բերել հսկա ութոտնուկի արձան, որի գլխին գրված էր «օլիգարխիա»: ՄԱԿ-ի տվյալներով Ինդոնեզիայում գենդերային բռնությունը հանրային առողջապահության և մարդու իրավունքների համար մեծ խնդիր է:

Պաղեստինում էլ բուրկաներով կանայք անվադողեր են այրել ու ազգային դրոշներ ծածանել՝ պահանջելով հավասար իրավունքներ: Վիճակագրական տվյալների համաձայն, այս երկրում երբևէ ամուսնացած կանանց 58 տոկոսից ավելին կյանքում գոնե մեկ անգամ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:

Իրենց իրավունքների համար հազարավոր կանայք ցույցի են դուրս եկել նաև Լոնդոնում, Փարիզում, Դուբլինում, Բանգոլում, Նայրոբիում և այլ քաղաքներում:

Երեկոյան կանանց քայլերթ է սպասվում նաև Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում:

Վիճակագրական տվյալերը մտահոգիչ են. ամեն 3-րդ կինը կյանքում ընտանեկան բռնության է ենթարկվում, ամեն շաբաթ երկու կին սպանվում է ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից: