Վահանդուխտ Մելքոնյանը հինգ երեխա, տասը թոռ, ինը ծոռ ու անսահման համառություն ունի. ոչ մի կերպ չի լսում զավակներին ու չի լքում հայ - թուրքական սահմանի նախկին Խարկով, այժմ Նոր Շեն գյուղը, որի միակ բնակիչն է արդեն տասը տարի։
«Գյուղը ես եմ պահում», - առանց որևէ չափազանցության ասում է 85-ամյա կինը. - «Սիրտս չի տանում, որ ստեղից հեռու գնամ, դուրս գամ էս գյուղից»։
Վահանդուխտ տատին այցելելու համար սահմանապահների հատուկ թույլտվությունն է պետք, քանի որ գյուղը սահմանային ուղեկալից ներս է գտնվում։ Իսկ երբ 61 տարի առաջ Հոկտեմբերյանից հարս էր գալիս այստեղ, կարծում էր, թե Ուկրաինա է տեղափոխվում, ի՞նչ իմանար, որ գալիս է սահմանամերձ գյուղ ու այստեղից այլևս չի հեռանալու. - «Ես էլ խափնվա դրան, եկա հասա ստեղ... Խարկով ասին, ես էլ Հոկտեմբերյանի Հոկտեմբեր գյուղից էի... Ինձի որ ուզող էին էկել, ասել էին որտեղից են, ասել էին Խարկովից, ասի Խարկով լավ ա, մենակ թե էս գյուղից, էս դաժան աշխատանքից պրծնեմ։ Էկա, ավելի դժոխք ընկա»։
Ախուրյան գետի ափին ու պատմական Անիի ավերակների դիմաց է Նոր Շենը։ Վահանդուխտ տատի միակ «հարևանները» սահմանապահներ են։ Տասը տարի է ամուսինը չկա։ Հիմա լուսանկարների ալբոմն է թերթում ու ամեն նկարի պատմությունը հիշում։
Վահանդուխտ տատը 32 հազար դրամ թոշակ է ստանում, բայց չի դժգոհում, այս տարիքին էլ գործի պակաս չունի։ 12 հեկտար հող ունի, անմշակ չի թողնում։ Նույնիսկ երկու տարի առաջ, երբ սահմանային գյուղը պահելու համար վարչապետից պարգև էր ստացել, այդ գումարն էր հողի վրա ծախսել. - «Վաչապետի տված փողն ահագին օգուտ տվեց ինձի։ Էնտեղի տեղ չծախսեցի էդ փողը, բերեցի ու նպատակին ծառայեցրի։ Անցյալ տարի էդքան հեկտար վարինք, ցանինք, ծախս արեցինք՝ սաղ ջուրը լցինք գնաց. երաշտ էղավ։ Էկավ ժամանակը, որ պտի բերք ստանայինք, էրկու ամիս մի կաթ անձրև չեղավ»;
Հիշում է, որ խորհրդային տարիներին անջրդի այս նույն հողատարածքներից 40 ցենտներ բերք են ստացել, ինչը զարմացրել էր այստեղ տեղափոխված ուկրաինացիներին, որոնց պատվին էլ գյուղը Խարկով է կոչվել։
Բազմաթիվ կիսավեր տները հուշում են, որ ժամանակին Խարկովը մեծ գյուղ է եղել։ Հետո Խարկովը Նոր Շեն դարձավ, բայց գյուղը դրանից չշենացավ, մարդիկ կամաց-կամաց լքեցին այն, մեկը՝ հեռու լինելու կամ բավարար եկամուտ չունենալու, մյուսները դպրոցի բացակայության, խստացված ելումուտի պատճառով։
Վահանդուխտն տատը հիշում է նախկին եռուզեռը, հարևաններին, ու թե ինչպես էին ամեն գարուն միասին կանաչի հավաքելու գնում. - «Գյուղի կնանիքով կէթայինք բանջար քաղելու»։
Հին հարևանների հետ կապը պահում է, զանգում են, երբեմն այցելում։ Միակ բնակիչը վստահ է, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, գյուղի նկատմամբ հետաքրքրությունն էլ կմեծանա, տուրիստներ կգան, տեսել է, թե ինչպես են զբոսաշրջիկները ուղեկալից մի քանի կիլոմետր ճանապարհը ոտքով կտրում՝ Անին տեսնելու համար։ Բայց մինչ այդ պետք է գյուղ եկող քարուքանդ ճանապարհը կառուցվի, ասում է։
Հիմա Վահանդուխտ տատը անհանգստությամբ ռուս-ուկրաինական պատերազմին է հետևում, տեսնում է, թե ինչպես են ավերվում իր գյուղի անվանակից ուկրաինական Խարկովն ու մյուս քաղաքները. - «Սաղ նայում եմ, տեսնում եմ։ Էդպես օր չկա, որ իմ աչքից արտասուք չգա, անկախ քեզանից, հուզվում ես»։
Վահանդուխտ տատը լավ գիտի պատերազմի ցավը, իր կյանքի 8 տասնամյակների ընթացքում մի քանիսն է տեսել, ղարաբաղյան վերջին պատերազմին էլ որդին ու փեսան են մասնակցել ու վիրավորվել։ Ողջ աշխարհին հիմա մեկ մաղթանք ունի. - «Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»։