ՌԴ-ն հումանիտար միջանցքներ է բացում՝ Կիևից, Խարկովից, Սումիից, Մարիուպոլից մարդկանց տարհանելու համար

Խարկով, 1-ը մարտի, 2022թ․

Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են այսօր առավոտյան ժամը 10-ից հրադադարի և մարդասիրական միջանցքների մասին Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ Ռուսական կողմը նախատեսում է այդ միջանցքներով մարդկանց տարհանել նաև Ռուսաստանի և Բելառուսի տարածք։

Այսօր ակնկալվում է Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների երրորդ փուլը: Բանակցությունների մասին հայտնել է ուկրաինական կողմի բանակցող Դավիթ Արախամիան Ֆեյսբուքում, հավելելով, թե «հարցերը, որոնք գրեթե անհնար է համաձայնեցնել ռուսական կողմի հետ, Ղրիմի և Դոնբասի ճանաչումն են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ապառազմականացում, Ղրիմի, Դոնբասի ճանաչում»․ Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր պահանջներն Ուկրաինային

Խոսելով ռուսական այլ պահանջների, մասնավորապես, Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի մասին՝ Արախամիան նշել է, թե ՆԱՏՕ-ն պատրաստ չէ քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը առաջիկա 5-10 տարում, և Ուկրաինան էլ այս իրավիճակում չի պայքարի անդամակցության համար։

Մոսկվան, սակայն, այլ պահանջներ էլ ունի

Ելիսեյան պալատի տեղեկության համաձայն, օրինակ, երեկ Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Պուտինը ասել է, թե կդադարեցնի ռազմական օպերացիան միայն այն դեպքում, եթե դադարի Ուկրաինայի դիմադրությունը, և որ ինքը վճռական է տրամադրված՝ հասնելու իր պահանջներին՝ կա՛մ բանակցությունների, կա՛մ ռազմական ճանապարհով։

Պահանջներց մեկն էլ, ֆրանսիական կողմի տեղեկության համաձայն, Ուկրաինան պետք է հրաժարվի իր բանակից, որի ենթակառուցվածքն ու տեխնիկան, Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ, մեծամասամբ արդեն ոչնչացված են։

Մոսկվան պահանջում է նաև Ուկրաինայի ապանացիստականացում, կրկնելով, թե Ուկրաինայի իշխանությունները ֆաշիստներ են։ Այսինքն՝ Մոսկվան պահանջում է, որ հեռանան այսօրվա իշխանությունները։

Ուկրաինայի իշխանությունները, սակայն, մտադիր են մնալ երկրում և պայքարել մինչև վերջ։ «Մի քանի օր առաջ մենք լուրջ խոսակցություն ունեցանք, և որոշեցինք մինչև վերջին րոպեն մնալ Ուկրաինայում, և եթե պետք է մեռնենք, ապա մենք կդառնանք խորհրդանիշ, և մնացած բոլոր ուկրաինացիները կպայքարեն մինչև արյան վերջին կաթիլը»․ - ասել է բանակցություններին ուկրաինական պատվիրակության ղեկավարը։

Հակառակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջին՝ արևտմյան երկրները չեն համաձայնում փակել Ուկրաինայի երկինքը, սակայն քննարկում են ուկրաինական կողմին կործանիչներ տրամադրելու հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

Զելենսկին կիրակի ուշ երեկոյան իր հերթական ուղերձում պնդել է, որ արևմտյան պետությունների ղեկավարները պատշաճ կերպով չեն արձագանքում փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին։

«Ռուսաստանցի զինծառայողներին կարծես քիչ է այն ամենը, ինչ նրանք արդեն արել են։ Խեղված ճակատագրերն ու կյանքերը նրանց քիչ են, նրանք ցանկանում են սպանել բոլորին։ Ռուսաստանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ վաղը ռմբակոծելու է մեր տարածքը։ Եվ ես համաշխարհային որևէ առաջնորդի, որևէ արևմտյան քաղաքական գործչի կողմից այս հայտարարությանն արձագանք չեմ լսել», - ասել է Ուկրաինայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ Արևմտյան առաջնորդները պատշաճ չեն արձագանքում Ռուսաստանի գործողություններին