Նավթի գինը համաշխարհային շուկաներում այսօր հերթական ռեկորդն է սահմանել՝ հասնելով 13 տարվա առավելագույն մակարդակին։ «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր հասել է 140 դոլարի։
«Վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել էր 2008 թվականին», - հիշեցնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր նավթի գինը միջազգային շուկաներում աճել է շուրջ 30 տոկոսով։
Վառելիքի գնի հերթական կտրուկ աճը արձանագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկ հնչեցրած հայտարարությունից հետո, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները և եվրոպական պետությունները քննարկում են ռուսական նավթի ձեռքբերումներից հրաժարվելու տարբերակը։
Նավթի գնի կտրուկ աճի բացասական հետևանքները առաջինն այսօր զգացվել են ասիական բորսաներում։ Տոկիոյի բորսայում այսօր առավոտյան կայացած սակարկությունների ընթացքում «Նիկկեի» ինդեքսը նվազել է 1․35 տոկոսով։ Հոնկոնգի բորսայում անկումը 4․35 տոկոս է կազմել, Սեուլի բորսայում՝ ավելի քան 2․5 տոկոս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և դաշնակիցները քննարկում են ռուսական նավթի ներկրումն արգելելու հարցը