Էնթոնի Բլինքեն. «ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի տարածքի ամեն մի թիզ»

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Լեհաստանում ուկրաինացի փախստականների ճամբար, Կորշովա ավան, 5 մարտի, 2022թ.

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու գտնվող Ռժեշուվ ավանում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ամենայն վճռականությամբ կպաշտպանի դաշինքի անդամ երկրների տարածքի ամեն մի թիզ:

«Միացյալ Նահանգների և Լեհաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ում այսօր առավել սերտ է, քան երբևէ: Հունվարի 30-ից սկսած Պենտագոնը կրկնապատկել է Լեհաստանում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը, հիմա ավելի քան 10 հազար ամերիկացի է այստեղ ծառայում»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետական քարտուղարի Լեհաստան կատարած այցի օրակարգում առանցքային թեման Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն է և դրանից բխող հավանական վտանգների վնասազերծումը:

Բլինքենը Լեհաստան է ժամանել Բրյուսելից, որտեղ մասնակցել է «Մեծ յոթնյակի», Եվրամիության և ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հավաքներին:

Այսօր Բլինքենը Լեհաստանում այցելել է ուկրաինացի փախստականների ճամբար: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ, պատերազմից փախչող և հարևան երկրներում ապաստանող ուկրաինացիների ընդհանուր թիվը մինչև շաբաթավերջ, հավանաբար, կհասնի 1 միլիոն 300 հազարի:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն Բլինքենին ասել է, որ իր երկիրը կշարունակի փախստականներ ընդունել «հաշվի չառնելով նրանց ազգությունը, ռասան կամ կրոնը»:

Ռաուն հայտարարել է նաև, թե «Լեհաստանը ոչ մի դեպքում չի ճանաչի տարածքային փոփոխությունները, որոնք կարող են իրականացվել չպատճառաբանված պատերազմի և ապօրինի ագրեսիայի միջոցով»: