Բեժանյանների 16 հոգանոց ընտանիքը դրսում մնալու խնդրի առաջ է կանգնել

Բեժանյանները երկու ամիս է` վարձով տուն են փնտրում, անօգուտ, ոչ ոք նրանց տուն չի տալիս:

Տասնվե՞ց, թե՞ վեց, ապշած հարցնում են տանտերերը, երբ Գևորգ Բեժանյանը տեղեկացնում է, որ 16 հոգով են ցանկանում ապրել վարձով տանը, երբեմն հայտարարությունն են հիմնովին հեռացնում տների վարձակալության կայքերից. «Հայտարարությունը կորավ հետո, ճիշտն ասած, չենք գտնում: Գնացի, տունը տեսնեմ, էն էլ վերջնական վերացավ», - պատմում է նա:

Գևորգ ու Գոհար Բեժանյանները 13 երեխա ունեն, գումարած իրենք՝ երկուս, Յուրա պապը ներառյալ՝ 16: Տունը, որ վարձակալում են հիմա, արդեն վաճառվել է, տանտերը նրանց ժամանակ է տվել հեռանալու համար, բայց ո՞ւր հեռանան:

«Մենք չէինք բարձրաձայնի, եթե չլիներ սենց բան` չծախեր էս մարդը, մենք էլի կսպասեինք, մինչև… տեսել ենք` բազմազավակների հետ կապված օրենքներ կան, որ պիտի ակտիվանա, կսպասեինք` կակտիվանար, լավ բաներ են մտածել», - ասում է Գևորգ Բեժանյանը:

Բազմազավակ ընտանիքների մասին նախագիծ կա, որով նախատեսվում է բնակարանի կամ բնակելի տան տամադրում բազմազավակ ընտանիքին, միայն թե այդ նախագիծը համառորեն օրենք չի դառնում։ Սոցապնախարարությունից տեղեկացնում են՝ այժմ ժողովրդագրության ռազմավարություն են մշակում, որի շրջանակներում այդ նախագիծը պիտի լրամշակվի, հետո ներկայացվի կառավարություն, հետո խորհրդարան:

Ի՞նչ անեն մինչև այդ Բեժանյանները իրենց 13 անչափահաս երեխաների հետ, այս պահին բնակարանային որևէ աջակցություն առաջարկել չենք կարող, ասում են նախարարությունից: Ընտանիքը տան խոստում ստացել է երկու տարի առաջ վարչապետի տիկնոջից. «20 թվին կառավարությունից այցելել է Աննա Հակոբյանը, խոստացան, ասին, որ կառավարությունն ուզում է ձեզ տուն նվեր տալ, հետո ասացին քաղաքին կից: Սկզբից ասեցինք, որ մի քիչ հարմար չի լինի դպրոցի համար, հետո բայց ասինք, որ համաձայն ենք: Հետո համար վերցրին, չեն զանգել», - պատմում է հայրը:

Գևորգն ու Գոհարը պատմում են՝ սկզբում մի քիչ սրտնեղեցին մարզում բնակվելու հեռանկարից, քանի որ երեխաներից 3-ը քոլեջում են սովորւմ, 7-ը դպրոցական են, մեկը մանկապարտեզում՝ բոլորը հարմարված Երևանի ծայրամասային թաղին, հետո համաձայնել են, միայն թե տուն լինի, բայց Գոհարն ասում է՝ հետո էլ Աննա Հակոբյանի գրասենյակի հետ չկարողացավ կապ հաստատել. «Հետո ինչքան զանգել եմ, էլ ընդհանրապես ոչ հեռախոս են վերցրել, էլ չեմ կարողացել իրենց հետ կապվել»:

Հակոբյանի գրասենյակից ասում են՝ Բեժանյաններն, այո, սկզբում մերժել են, հետո երբ մտափոխվել են, արդեն քովիդի համավարակ էր, պատերազմ էր. ընտանիքի խնդրով այլևս չեն զբաղվել:

«Մենք հիմա էլ ոչինչ չէինք խնդրի, եթե վարձով տուն գտնվեր», - ասում են տան մեծերը: Խնդիրը պետք է որ դժվար լուծվողներից չլիներ, քանի որ Հայաստանում բազմազավակ ընտանիքների թիվը մեծ չէ` 10-ից ավելի երեխա ունի ընդամենը 25 ընտանիք:

7 աղջիկ և 6 տղա, Բեժանյանները տղա-աղջիկ հավասար առաջ են շարժվում: Հաշիվը հավասարեցնելու ցանկություն այս պահին չկա, հետո կերևա: «Հիմա ուզում ենք` դուրսը չմնանք», - ասում է Գևորգ Բեժանյանը:

Ընտանիքը նպաստ է ստանում՝ 115 հազար դրամ. հարյուր հազարը տան վարձն է, Գևորգը տաքսի է վարում՝ օրվա ուտելիքի գումարն է հասցնում:

12 ձվով բիսկվիթը մեկանգամյա քաղցր է 13 երեխաների համար, սառցարանում պահեստավորված խմոր էլ կա: Գոհարը շատ կազմակերպված տնտեսուհի է՝ այսօրվա ճաշացանկում հնդկաձավարն է՝ մեկ կիլոգրամ միանգամից. «Գրեչկա շատ են սիրում, մի կիլոն մի անգամվա է հերիքում», - ասում է տան մայրը:

Երեխաներից մեծը 17 տարեկան է, փոքրը` 8 ամսական, նկարահաման ողջ ընթացքում բոլորը լուռ, խաղաղ՝ տունը փայլուն-մաքուր, դարակները` կոկիկ: Ինչպե՞ս է, որ այսպես է: «Համակարգ է գործում, - ծիծաղում է հայրը, - եթե պուճուրները մի բան են անում, որ չի կարելի, մեծին որ մի որոշ ժամանակ առաջ ասած ենք լինում, որ դա չի կարելի, ինքը գիտի, որ մեր ընտանիքում դա ընդունված չի: Մինչև դու հասնում ես, մեծն այդ հարցն արդեն լուծում է»:

Բոլորն իրար զիջում են, հոգատար են, Գոհարը տան խաղաղությունն այսպես է բացատրում, իրենք էլ որքան նեղ լինեն, կապ չունի՝ ամեն ինչ անում են, որ երեխաների կրթությունը չտուժի:

Բեժանյանները լավ ծնողներ են, սա պետությունն էլ է նկատել և անցած տարի նրանց ծնողական փառքի մեդալի է արժանացրել, իսկ ընտանիքի գլխավոր հարցը՝ տանիք ունենալը մնացել է մեդալի հակառակ կողմում։

Միջանցքի մի անկյունում երկհարկանի մահճակալ է՝ տղաներից 4-ը այստեղ են տեղավորվում: Ալեքսը չի էլ պատկերացնում, որ այս աշխարհում մենակ քնելու հնարավորություն էլ կա. բա ո՞վ կփրկի իրեն, եթե վատ երազ տեսնի. «Գիշերները վախենալու երազ եմ տեսնում, վեր եմ կենում, չեմ կարում քնեմ»: